ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով դիմում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ արժանապատվության նսեմացման կադրերով և բռնությամբ ուղեկցված ձերբակալության գործընթացին:
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն իմ դիմումը հասցեագրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելո լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների վարչության պետ Յու. Իվանյանին: Դատախազությունը քննչական կոմիտեի քննարկմանն է ուղարկել իմ գրությունը՝ «Քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»:
ՀՀ Դատախազությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով: Հետեւողական կլինեմ՝ մինչ գործի ավարտը, քանի որ պոդքաստի ընթացքում հնչեցրած ամենաանթույլատրելի բառն անգամ չի կարելի խուլիգանության հետ շփոթել եւ կալանավորել հաղորդավարներին՝ իբրեւ խուլիգանների: Ավելին՝ կալանավորել այդքան բիրտ ուժի կիրառմամբ»։