ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ի՞նչ է պարզաբանում վերջինս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության։ Armlur.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեց․

«Պարոն Համբարձումյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ձեզ հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահին ճնշելու հետ կապված։ Ի վերջո ճնշում եղե՞լ է, թե ոչ։

Ի պատասխան վերջինս հայտնեց. «Այո, ինձ կանչել են հարցաքննության, մասնակցել եմ առերես հարցաքննության` չնայած, իմ կարծիքով, Հայկուհի Հարությունյանի և իմ ցուցմունքների միջև էական հակասություններ չեն եղել: Օրեր առաջ նշված վարույթը կարճվել է, քանի որ իմ մասով վերոհիշյալ պաշտոնյայի նկատմամբ ճնշում չի եղել, ինչը դրա վառ ապացույցն է: Նման իրավական ընթացակարգը և գործողություները՝ Հ. Հարությունյանի հայտարարությունից հետո, համարում եմ օրինական և նորմալ: Ձեզ, որպես իրավապահ համակարգի հետ կապված խորագիտակ լրագրողի, առաջարկում եմ հնարավորինս մանրամասն լսել ու վերլուծել Հ. Հարությունյանի վերոհիշյալ հայտարարություններն իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մասով: Վստահ եմ, որ ինքներդ կտեսնեք նրա նկատմամբ գործադրված հնարավոր ճնշումների մասին վկայող այլ ակնհայտ օրինակներ: Օրինակ` ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ բարեվարքության բացասական եզրակացություն տալու մասով: Հուսամ, որ դրանից հետո հարց կբարձրացնենք գլխավոր դատախազի առջև, թե արդյոք նույն ջանասիրությամբ հնարավոր ճնշումների առնչված այսօր գործով մյուս պաշտոնյաների վերաբերյալ քննություն իրականացվել է, թե` ոչ: Եթե` ոչ, ապա` ինչո՞ւ է իմ պարագայում նման տարբերակված մոտեցում դրսևորվել»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ճնշման քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Ավելին՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հարցաքննվել է նաեւ Հայկուհի Հարությունյանը։

Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենն ու Հայկուհի Հարությունյանը եւս առերեսվել են կոմիտեում։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման մի դեպքի մասին էր:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։

«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․

Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․

Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար»:

Քնար Մանուկյան




Լրահոս