Իշխանությունը ցանկանում է Հայաստանը հանել աշխարհաքաղաքական մրցակցությունից:
Այս մասին ԱԺ–ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված՝ Հայաստանն աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելու վերաբերյալ մեղադրանքին:
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած գործընթացների համար ընդդիմության՝ իշխանությանն ուղղված մեղադրանքին՝ վարչապետն ասաց. «Ոչ մեկ չի նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ չէ՝ 2014 թվականից հետո իրար հետ կոնֆլիկտի մեջ էին, 2022 թվականից պատերազմ են անում իրար հետ, չեք նկատե՞լ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր իրար հետ պատերազմի վիճակում են»:
Անդրադառնալով ընդդիմությունից հնչած մեղադրանքին, թե իշխանությունը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ՝ Փաշինյանը հարցրեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ…»:
Ապա Փաշինյանը հավելեց. «Մեզ 30 տարի «մեշոկի» նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից՝ այս կողմ, չեք նկատե՞լ: Մեզ գալիս, ասում էին՝ այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ–ում ուրիշ ձև էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասել՝ այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»: