ՔԿ-ից տեղեկացնում են, որ իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
«Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։