ՄԻՊ-ը բարձր է գնահատում ՊՆ հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները: Այդ մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարդու իրավունքների պաշտպանի, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրների և դրանց լուծման առաջարկների վերաբերյալ:

Քննարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը առանձին անդրադարձ է կատարել զինվորական հաշվառման և զորակոչի, զինվորական ծառայության բուն ընթացքի և պահեստազորային ծառայության շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին: Երկուստեք փոխանակվել են մտքեր Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առանձին առաջարկների իրացման կառուցակարգերի վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև իրավասու այլ մարմինների հետ համատեղ աշխատանքը:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ և ԳՇ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, բարոյահոգեբանական ապահովման վարչության, իրավաբանական վարչության, ռազմաբժշկական վարչության, զինկոմիսարիատների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում լուծելու նաև համակարգային բնույթի խնդիրներ:




Լրահոս