ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերների հետ հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հետ։ Այդ մասին տեղեկանում են ԱԺ փոխնախագահի Ֆեյսբուքի էջից։
«Ընդգծեցի, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, և Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում:
Քննարկում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման գործընթացում վերջին զարգացումների մասին։
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Մարիան Քերին աջակցություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին»,- գրել է նա: