ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաեւ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
Բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել են 23 գրամ եւ 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթներ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ եւ հաշիշի յուղ` 24 գրամ քաշով:
Ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 3 քաղաքացի: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիները ձերբակալվել են:
Տվյալ առաքանին ՀՀ ուղարկող անձի տվյալները պարզվել են: Ճշտվել է նաեւ, որ նշված թմրամիջոցները պետք է իրացվեին տելեգրամյան ալիքի միջոցով:
Դատարանի որոշմամբ՝ ձերբակալվածներից մեկի` Ն. Ա.-ի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է 1 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ կոկաին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ինքնակպչուն ժապավենով ամրացված 38 փաթեթ` ընդհանուր 66 գրամ քաշով:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են նաեւ ստացվել, որ ՀՀ են ներմուծվելու նույն անձի անունից ուղարկված թմրամիջոցով առկա եւս երկու առաքանի։
Նշված տեղեկություններն իրացնելիս ՊԵԿ եւ ԱԱԾ աշխատակիցները «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված սուրհանդակային առաքանիները:
2 ծանրոցում էլ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել են 1035 եւ 492 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ:
Մաքսանենգության այս դեպքով Երեւանի թաղամասերից մեկում մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Լ. Խ-ն:
Տեղեկություններ են ստացվել նաեւ, որ ԱՄՆ-ից, նույն անձի անունից, կրկին ՀՀ է ներմուծվելու թմրամիջոցի պարունակությամբ եւս մեկ առաքանի:
Նշված օպերատիվ տվյալներն իրացնելիս ՊԵԿ եւ ԱԱԾ աշխատակիցները համատեղ «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ուղարկված միջազգային սուրհանդակային առաքանին: Հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, յուրաքանչյուրը` 530 գրամ քաշով:
Հիշյալ մաքսանենգության դեպքով թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված ծանրոցը ստանալուց հետո՝ ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:
Այնուհետեւ Երեւանի թաղամասերից մեկում մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ սուրհանդակային առաքանին վերցնելուց հետո՝ ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Գ. Մ.-ն: Հիշյալ դեպքերով, ընդհանուր առմամբ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 4 կգ մարիխուանա, 24 գրամ հաշիշի յուղ եւ 66 գրամ կոկաին տեսակների թմրամիջոցներ:
Փաստի առթիվ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՔԿ-Ն՝ ՉԱԽՈՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քննչական կոմիտեն «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ է հայտնում բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալման հետ կապված.

«2024թ. մայիսի 18-ին տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը մի խումբ անձինք՝ Ա.Չ.-ի գլխավորությամբ, մուտք են գործել Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող Հայաստանի խաղերի սպորտի եւ մշակույթի պալատ եւ Հայաստանի պետականակենտրոն կուսակցության կայանալիք նիստը խաթարելու նպատակով՝ վիճաբանել կուսակցության անդամների հետ։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, որտեղ պարզվել է, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, վերոնշյալ միջադեպի մասնակիցների կողմից միմյանց հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց։
Միջադեպի վեց մասնակից, ինչպես նշված տարածք մտածներից, այդ թվում Վ. Չ.-ն, այնպես էլ այնտեղ գտնվողներից, ֆիզիկական ներգործություն եւ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ոստիկանների կողմից տեղափոխվել են Ոստիկանության բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է բոլորի ինքնությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կայացել է նշված անձանց ձերբակալելու որոշում։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակիցների շրջանակը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
ArmLur.am լրատվականին հայտնի դարձավ, որ Հրազդանում՝ եկեղեցու բակում, հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Հրազդանում հոգեհանգստի սրահի բակում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը խոր արմատներ ունի։ Բանն այն է, որ հեղինակություն համարվող «Դերոյի Արսեն» անունով առավել հայտնի Արսեն Հունանյանը ներքին կռիվների մեջ է եղել Կոտայքի մարզի բնակիչ Արծրուն Ավետյանի հետ։ Անգամ խոսակցություն է գնացել, թե ով ում է սպանելու եւ ում ձեռքով։ Եվ ահա, տարիներ շարունակ ներքին թշնամանքը իր ճակատագրական ավարտին է հասել մայիսի 18-ին։ Արծրուն Ավետյանը զենքով մտել է Հրազդանի եկեղեցու բակ, որտեղ հեղինակություն համարվող «Դերոյի Արսենը» մասնակցելիս է եղել հոգեհանգստի, ու կրակոցներ է արձակել նրա վրա։ Հոգեհանգստի վայրում սկսվել է իրարանցում ու հեղինակություն «Դերոյի Արսենին» տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։
Սակայն, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Սպանված «Դերոյի Արսենի» մտերիմ ընկերը նկատել է, որ կրակոցներ արձակող անձը դեպքից հետո նստել է Opel մակնիշի մեքենան ու հեռացել։ Վերջինս հետապնդել է նրան ու Չարենցավանի ճանապարհին, մոտ 6 կրակոց է արձակել, ինչի հետեւանքով սպանվել է Արծրուն Ավետյանը։
Ի դեպ, այս դեպքից առաջ իրավապահները սպանության գործով անցնող անձանց զենքի կասկածանքով բաժին են տարել ու ստուգումներ են իրականացրել ու ահա ստուգումներից հետո հնչում են կրակոցներ։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ մայիսի 18-ին, կրակոցներ եւ սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել եւ կան զոհեր ու վիրավոր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, ով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։




Լրահոս