«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է». ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին բազմաթիվ քաղաքական զարգացումներ են տեղի ունեցել:

Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել։
2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
Վաղը կկայանան Փարաքար համայնքի ղեկավարի նոր ընտրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Անդրադարձել ենք նաեւ ոստիկանների պահվածքին, երբ նրանք խոչընդոտում էին կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
– Պարո՛ն Առաքելյան, վերջերս Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնի շուրջ աղմուկ բարձրացավ. իմպիչմենտ, հրաժարական, նոր ընտրություններ: Ի՞նչ նորություններ կան այս մասով:
-Համայնքնի ղեկավարի նկատմամբ անվստահության գործընթացի մեկնարկից անմիջապես հետո համայնքի ղեկավարը հրաժարական տվեց եւ արդեն վաղը՝ օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու նիստի ընթացքում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություն: Մեր թիմի ներսում ամեն բան կարգին է, հույս ունենք, որ մինչեւ վաղը նոր խոչընդոտներ չեն լինի եւ ընտրության արդյունքում մեր խմբակցության ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը կընտրվի համայնքի ղեկավար:
-Համայնքի ղեկավարի ընտրության գործընթացի հետ կապված ճնշումներ կա՞ն:
-Դե այդ գործընթացը հատուկ է իշխանություններին: Հիշենք, որ մեր թիմը նման գործընթացով անցավ Ալավերդիում մի քանի ամիս առաջ, այսօր էլ իշխանության ցանկացած քայլ աջակցվում է առաջին հերթին հենց ոստիկանական ուժերի կողմից, ինչի համար էլ համայնքում կան մտահոգություններ: Սակայն, հույս ունենք, որ որեւէ էական խոչընդոտ չի լինի:
-Պարո՛ն Առաքելյան, ոչ պակաս լարված իրավիճակ է նաեւ Հանրապետության հրապարակում: Ինչպե՞ս կգնահատեք Ազգային ժողովի պատգամավորի նկատմամ կարմիր բերետավորների կողմից բիրտ ուժի կիրառմանը:
Դա պարզապես խայտառակություն է: Ո՛չ միայն այդ դեպքը, այլ նաեւ մի քանի օր շարունակ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բիրտ ուժը, երբ խաղաղ ակցիաներ են իրականացվում: Բացի այդ, ցանկացած միջոցառում հանդիպում է ոստիկանական ուժերի մի քանի շերտերի: Ոստիկանության նման վարքագիծը միանշանակ անընդունելի է: Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման բոլոր գործողությունները խաղաղ են եւ այն հեքիաթները, որ Նիկոլ Փաշինյանը տարիներով պատմում է ժողովրդավարության մասին, քանդվում են, քանդվում է միֆը. ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա թաքնվում է ոստիկանության ետեւում եւ այն հանում քաղաքացիների դեմ:
-Պարո՛ն Առաքելյան, կարմիր բերետավորները ուժ են կիրառում ո՛չ միայն պատգամավորների, ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, այլ նաեւ տեսանք, թե ինչպես Սարդարապատում խոչընդոտեցին Վեհափառի մուտքը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք: Ավանդույթ է, որ Վեհափառն ամեն տարի այցելում է Սարդարապատ:
-Խոսքեր չկան նկարագրելու, պարզապես կարող եմ ասել, որ դա ազգային խայտառակություն է: Ես չեմ կարողանում պատկերացնել այդ հրամանի դեպքում, կամ այդ միջավայրում ոստիկանների գործողությունները:
Ենթադրենք՝ իրենց նման հրաման է տրվել, բայց մեկ անգամ նահանջից հետո ոստիկանության ղեկավարությունը նորից պատ է շարել տալիս: Դա պարզապես խայտառակություն է, որ իշխանությունն արդեն ազգային արժեքներին է սկսում վնաս հասցնել, եւ իրենց «րոպեական» խնդիրները լուծելու համար պատմական լուրջ սխալներ են թույլ տալիս իրենց: Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ այս իշխանությունը կտրված է ոչ միայն մեր ժողովրդից, այլ նաեւ ազգային, պատմական եւ եկեղեցական մեր արժեքներից: Վստահ եմ՝ հասարակական ճնշումը գնալով կմեծանա եւ իշխանափոխություն կլինի:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԼԵՅԱՆԸ

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍԵՎ ԼՃԻ ՏԱՐԱԾՔ
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ եւ Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։
Այս մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ առաքելության անձնակազմը եղել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Սեւ լճի տարածքում։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Սեւ լիճ։ Մինչ օրս ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն», – նշվում է գրառման մեջ։

ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լավատես է Ադրբեջանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա իր տրամադրություններն է կիսել Իսլամաբադում Պակիստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում։
Ինչպես եւ կարելի էր ակնկալել, դրական տրամադրությունների պատճառը Հայաստանի կողմից Տավուշի տարածքների վերջին միակողմանի հանձնումն է։
«Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման եւ Հայաստանի կողմից երկար ժամանակ օկուպացված չորս գյուղերի՝ Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է նորմալացման գործընթացում», – ձեւակերպել է Բայրամովը։
Նախարարն ասել է, որ այսօրվա հանդիպմանը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։ Նրա խոսքով՝ նա Պակիստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է նաեւ «Ադրբեջանի ազատագրված հողերի վերականգնման աշխատանքների մասին»։ «Ես նշեցի, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերը», – ասել է ադրբեջանցի նախարարը։ Միաժամանակ նա նշել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, եւ մենք հուսով ենք, որ դա դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման համար»։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարն իր հերթին ասել է, որ «Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»։

ՍՐԲԱԶԱՆԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեկ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ու աջակիցները շրջափակել էին Կառավարության շենքը:
Մերթընդմերթ տեղի ունեցող բախումներից զատ՝ Բագրատ Սրբազանը հասցնում էր նաեւ լրագրողների հարցերին պատասխանել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպմանը եւ վարչապետի այն դիտարկմանը, որ պետք է հերթագրվել, որպեսզի հնարավոր լինի հանդիպել վարչապետի հետ։
-Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ձեր առաջարկին, առ այն, որ հանդիպի Ձեզ հետ, նշեց, որ իր հետ հանդիպելու կարգ կա, եւ ցանկության դեպքում կարող են հերթագրվել:
-Ասել եմ այդ մասին: Ասել եմ՝ «Այո կալանավայրում կհերթագրվենք, կգանք կայցելենք: Սա էլ է կալանավայր» (ձեռքով ցույց է տալիս Կառավարության շենքը. Խմբ.):
-Սրբազա՛ն, իսկ անվստահություն հանձնելու հարցը դեռեւս օրակարգու՞մ է:
-Ամեն հարց էլ օրակարգում է:
-Բայց իշխանականներն ասում են՝ «մեր կողմից մեկ ու կես ձայն էլ չեն ստանա»:
-Ո՞վ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԱՆՎՏԱՆԳ Է». ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Մենք դիմում ենք օկուպացիոն ռեժիմին, որպեսզի անվտանգ լինի, իրենց անվտանգությունն ապահովված է, մենք բերել ենք այստեղ ծառեր տնկենք ու ինքն այլեւս անվտանգության խնդիր չունի». – այս մասին Բուզանդ փողոցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մենք միասին այստեղ ծառերը կտնկենք, մեր սիրելի ոստիկաններին կոչ կանենք, որպեսզի գնան զորանոցներ, զբաղվեն իրենց աշխատանքով, այլեւս Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովված է։ Կաճեն այս ծառերը, լավ հով կլինի, այլեւս ոչ ոք իրենց երեսը չի տեսնի։
Այս ծառերը կտնկվեն նաեւ խորհրդարանում, Կառավարության շենքի մոտ: Կառավարության բոլոր մասնաշենքերում ուռենիներ կտնկվեն, ոստիկանության մոտ էլ ուռենիներ կտնկվեն, ԱԱԾ-ի մոտ էլ ուռենիներ կտնկվեն, եւ այդպես Հայաստանը կլինի անվտանգ երկիր։ Նոր ծառեր, նոր անվտանգության քաղաքականություն։ Այլեւս ՀՀ-ն ունի անվտանգության նոր հայեցակարգ, ՀՀ սահմաններն անառիկ են։ Կիրանցում տնկվել են ծառեր, այնուհետեւ ծառատնկման աշխատանքները շարունակվում են Կառավարության շենքի մոտ։ Այլեւս Նիկոլ Փաշինյանն անվտանգ է, քանի որ իրեն հսկում են հարյուրավոր ուռենիներ եւ բարդիներ», – նշեց նա։
Բագրատ Սրբազանը հավելեց՝ ծառ են տնկում, որ երեխաները ստախոսին չտեսնեն:




Լրահոս