ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԻՏԻ ՍՈՎՈՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը եւս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ ու հմտություններ տարբեր պրոցեսների շրջանակներում, բայց դա բնականաբար չի նշանակում, որ քաղաքացիները կարող են դրսեւորել ոչ իրավաչափ վարքագիծ:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի ՄԻՊ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Հանձնաժողովի նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, դիմելով ՄԻՊ-ին նշեց, որ վերջին շրջանում որոշ քաղաքական խմբակների կողմից իրականացվող ակցիաների շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ թիրախավորվել է անձը, ո՞վ է կրելու պատասխանատվություն։
«Ընդդիմությունը չի մասնակցում այս քննարկմանը, որը զարմանալի չէ։ Թիրախավորվել է ոստիկանությունը, ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ։ Կա՞ն արդյոք օրենսդրական բացեր, ինչպե՞ս պաշտպանել սովորական քաղաքացիներին, ոստիկաններին», – հետաքրքրվեց նա։
Անահիտ Մանասյանն էլ նշեց, որ քաղաքական դաշտը հնարավորինս պետք է խտրական եւ ատելության խոսքից զերծ լինի։
«Ես ընդունում եմ, որ այսօրվա մեր ընդհանուր պրոցեսներն ընթանում են խտրական, ատելության խոսքի բոլոր հնարավոր դրսեւորումներով։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է նկատի ունենան, որ ցանկացած գործընթացի շրջանակում իրենք եւս պատասխանատու են նշված խնդիրների առնչությամբ պատշաճ մոտեցում ցուցաբերելու համար»,- նշեց Մանասյանը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ԱԺ պատգամավորների, տարբեր հանրային գործիչների դերակատարությունը։
«ԱԺ պատգամավորներն իրենք էլ պետք է ձեռնպահ մնան ատելության խոսքից, բայց նաեւ պետք է հակազդեն այդ խոսքին։ Հատուկ պարտավորություն ունեն նաեւ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։
Ես հատուկ շեշտադրեցի ԱԺ պատգամավորներին, որոնք պետք է պահպանեն էթիկայի վարքագծի կանոնները, դուք անդրադարձաք ոստիկանության ծառայողներին, որոնք ավելի զգայուն ու խոցելի են, բայց ես նշեմ, որ նրանք եւս հանրային ծառայություն են իրականացնում եւ նրանք եւս պետք է նկատի ունենան եւ պատրաստ լինեն տարբեր հանգամանքների։ Ոստիկանությունը եւս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ ու հմտություններ տարբեր պրոցեսների շրջանակներում, բայց դա բնականաբար չի նշանակում, որ քաղաքացիները կարող են դրսեւորել ոչ իրավաչափ վարքագիծ»,- ասաց նա։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԱՐԶԻԿՆԵՐԸ 1 ՄԼՆ ԴՐԱՄ ՆՊԱՍՏ ԿՍՏԱՆԱՆ
Գործադիրի երեկվա նիստում որոշում է կայացվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից:
Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը եւ տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար դրամ: Ծրագիրը կշարունակվի մինչեւ Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար անհրաժեշտ գումարը կկազմի 26 մլն 250 հազար ՀՀ դրամ:
Միաժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկանիշային մրցաշարերը դեռեւս ընթացքի մեջ են, այն մարզիկները, որոնք Փարիզ-2024-ի ուղեգիր ձեռք կբերեն, բարձրացված նպաստը կստանան ուղեգիրը նվաճելու հաջորդ ամսվանից:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող եւ նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչեւ տվյալ մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա 1-ը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:
Հիշեցնենք՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները եւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:
Ծրագրի իրականացման համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 297 մլն դրամ:

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ՝ ՎԱՐԺԱՐԱՆ
Կառավարությունն իր երեկվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանել «Եղեգնաձորի վարժարան» ՊՈԱԿ, ինչը հնարավորություն կտա 2024-2025 ուսումնական տարվանից դպրոցում իրականացնել 5-9-րդ դասարանների սովորողների ընդունելություն, որի արդյունքում Եղեգնաձորի համար 1 հիմնական եւ Հ. Հովհաննիսյանի անվան հ. 2 դպրոցները կբեռնաթափվեն:
Նշենք, որ Եղեգնաձորի ավագ դպրոցի շենքը կառուցվել է 1973 թվականին, 600 սովորողի համար նախագծային հզորությամբ։ Շենքը եռահարկ է, ունի 1 մասնաշենք։ Ներկա պահին դպրոցում սովորում է 221 աշակերտ. դպրոցը համարվում է թերբեռնված։
Եղեգնաձորի հ.1 հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 2023 թվականին՝ 600 սովորողի համար նախագծային հզորությամբ։ Շենքն ունի 1 մասնաշենք։ Այս պահի դրությամբ դպրոցում սովորում է 615 երեխա։
Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան հ.2 հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 1962 թվականին՝ 480 սովորողի համար նախագծային հզորությամբ։ Շենքը եռահարկ է։ 2018 թվականին իրականացվել է ընթացիկ նորոգում։ Այս պահի դրությամբ դպրոցում սովորում է 625 երեխա։ Եղեգնաձոր քաղաքում գործող 2 հիմնական դպրոցները գերբեռնված են եւ աշխատում են երկու հերթով։

ՄՆԱՑԵԼ Է ԱՌԱՆՑ ԿԱՑԱՐԱՆԻ, ԳՈՒՅՔԻ
Մայիսի 26-ին վարարած Աղստեւը Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, քշել-տարել է Նինա Մանուչարյանի, Մարիամ Ազիզբեկյանի տները։ Ն. Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, իսկ Մարիամ Ազիզբեկյանը՝ միայնակ, վերջինիս տան ողջ գույքը, իր հագուստները գետը քշել է: Մարիամի բնակված տունը նախկինում պատկանել է Հաղարծնի բնակիչ Ալբերտ Հովհաննիսյանին. 10 տարի առաջ տեղի ունեցած ջրհեղեղից տունը դարձել է վթարային, պետության կողմից տան սեփականատիրոջը եւ գյուղի այլ բնակիչների դրամական փոխհատուցում է տրվել, վթարային այդ տները դարձել են պետության սեփականություն։ Մարիամը տուն չուներ, ճարահատյալ ապրել է վթարային տանը: Նա ջրհեղեղից հետո՝ գիշերվա ժամը 2-ին, ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գրիգորյանի տանը, ուր մինչ հիմա ապրում է։ 34-ամյա Մարիամը ծագումով Դիլիջան քաղաքից է, 8 տարի առաջ ամուսնալուծվել է, երեխաներ չունի, ունի առողջական խնդիրներ։ Նա հիմնական աշխատանք չունի, օրավարձով աշխատանքներ է կատարում։ Ցանկանում է վագոն-տնակ ունենալ, որպեսզի փողոցում չմնա, սակայն դրա համար համար գումար չունի։ 2023 թվականին գրավոր դիմել ենք Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ հարցնելով, թե համայնքապետարանը ինչո՞ւ չի մաքրում Աղստեւի հունը։ Համայնքապետը պատասխանել է, որ համայնքի 2023թ. բյուջեում այդ նպատակով գումարներ չեն նախատեսվել, 2024-ին « համապատասխան միջոցների առկայության դեպքում» գետի հունը մաքրելու համար ֆինանսներ կնախատեսվի։ Աղստեւի հունը չմաքրած Դիլիջանի համայնքաետարանն ինչո՞վ կօգնի գետի վարարման հետեւանքով առանց կացարան, առանց գույքի մնացած Մ. Ազիզբեկյանին։

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
Կիրանց-Բաղանիս հատվածում սահմանազատումն ավարտվել է, այդ հատվածը սահմանապահներն են հսկում: Մայիսի 23-ից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է։ Սահմանագոտուվ ձգվող ավտոճանապարհը ոստիկանների կողմից փակված է երկու կողմից՝ Բաղանիս գյուղի ծայրին եւ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը ավտոմեքենաներն անցնում են Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհով։ Բաղանիսի վարչական ղեկավար Գեւորգ Սահակյանը հայտնեց, որ սահմանամերձ ավտոճանապարհը փակ է մնում, քանի որ սահմանագոտում դեռ աշխատանքներ կան անելու, փշալար պիտի անցկացվի։ Գ. Սահակյանին հարցրինք, թե որտե՞ղ է տեղափոխվում Բաղանիսում կուտակված կենցաղային աղբը: Նա ասաց, որ գյուղի կենցաղային աղբը առայժմ տեղափոխում են հարեւան գյուղերի աղբավայրեր, մինչեւ որ Բաղանիսի նոր աղբավայրի տեղ ընտրեն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս