«ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ». ՍԵՖԻԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԳՆ շենքի մոտ այսօր զրուցել է ԱԺԲ անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ։ Ժիրայր Սէֆիլյանի հետ զրուցել ենք Բագրատ Սրբազանի շարժման և ակնկալիքների մասին։

-Պարո՛ն Սեֆիլյան, Բագրատ Սրբազանը ասաց, որ մայիսը հունիս չի դառնալու եւ իշխանափոխությունը շուտ է լինելու, սակայն, կարծես թե, իշխանականները լուրջ են տրամադրված, չեն ուզում հրաժարական տալ: Ի՞նչ կարծիք ունեք Դուք այս մասին: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ իշխանափոխությունը շուտ տեղի ունենա:
-Ես կարծում եմ՝ շուտ էլ լինելու է. մայիսի 26-ից հետո կարող ենք ասել, մեր երկրում երկիշխանություն է, եւ մայիսի 26-ին հաջորդող օրերում ամեն օր, ինչ-որ տեղի է ունենում, ապացուցում է դա: Խորհրդանշական էին մայիսի 28-ին տեղի ունեցած գործողությունները, եւ ամբողջ աշխարհի առաջ ապացուցվեց, որ գործող իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, չեն տիրապետում իրավիճակին: Այսինքն, երբ առավոտ 8:30 արտգործնախարարության բոլոր դեսպաններին հրավիրում են կառավարության շենքի առաջ՝ ուղեւորվելու դեպի Սարդարապատ, բայց դա տեղի չի ունենում, աշխարհը հասկանում է, որ տվյալ կառավարիչը արդեն ի վիճակի չէ ոչնչի, չի տիրապետում իրավիճակին: Մայիսի 28-ին տեղի ունեցավ նաեւ հետաքրքիր, անշուշտ՝ մի խայտառակ դեպք, բայց իր քաղաքական եւ ազգային բովանդակությամբ հետաքրքիր այն իմաստով, որ այդ երեւույթը դատապարտեց հայ ժողովրդի ամբողջ շրջանակը: Այդ երեւույթը մի կողմ թողեց բազմաթիվ տարաձայնություններ եւ դրա դեմ ամբողջ հայությունը համախմբվեց: Մենք գիտենք, որ մեր բոլոր հաստատությունները «հիվանդ» վիճակի մեջ են եղել այս տարիների ընթացքում՝ ներառյալ մեր եկեղեցին, որպես հաստատություն: Սակայն, մենք տեսնում ենք այս օրերին, նաեւ Սրբազանի այս ուղղամիտ գործունեությամբ, եւ ինչու չէ նաեւ գործող իշխանությունների հիմար արարքներով, որ հեղինակության վերականգնման ընթացք է սկսվել, որը շատ գովելի է, որովհետեւ գլխավոր պատճառը, որ այս տարիների ընթացքում մեզ չէր հաջողվում մեր ժողովրդին մոբիլիզացնել, հեղինակությունների բացակայությունն էր ամեն իմաստով՝ ե՛ւ որպես հաստատություններ, ե՛ւ որպես նահատներ: Ինչ վերաբերում է՝ «հունիս կդառնա՞, թե՞ չէ», ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է համբերատար մոտենա այս ընթացքին, բայց վստահ լինելով, որ շարժումը հասնելու է հաջողության: Առաջնահերթորեն Փաշինյանի հեռացումով պիտի սկսվի, որովհետեւ ամեն մի օրը, որ նա մնում է, անընդհատ կորուստի օր է. ուստի ես վստահ եմ, որ Սրբազանը արագացված ռեժիմի մեջ է, այնպես չէ, որ դանդաղ է ընթացքը: Շատերը հավանաբար չեն հասկանում, որովհետեւ բացի նրանից, ինչ երեւում է, կան գործընթացներ, որոնք չեն երեւում. ես կարծում եմ, որ շատ մոտ է փոփոխությունը: Անշուշտ, այս օրերին պիտի կենտրոնանանք առաջնային քայլի՝ Փաշինյանի հեռացման վրա, եւ ինչ է պետք, որ դա շուտ լինի. մեզ մոբիլիզացիա է պետք: Այս փուլում դեռ պետք չէ, որ խոսենք անցումային կառավարության մանրամասներից, կգա դրա ժամանակը եւ կխոսենք:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Այսօր դատարանը արդարացրեց երրորդ նախագահին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

ԱՅՍ ՊԱՅՔԱՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ
Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները եւ այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիեւի հաղթարշավ, անդառնալի զիջումներ եւ անասնական մթնոլորտ Հայաստանում։
Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալիեւի պահանջները։ Հարյուր հազարավոր մարդկանց համար անհնար է դառնում ապրել մի երկրում, որտեղ վերջին հարյուրամյակի ամենախոշոր կորուստներից ու պատմական աղետից հետո այդ աղետի հեղինակ իշխանությունը ուժով եւ մանիպուլյացիաներով պահում է իր իշխանությունը, որտեղ նվիրական բոլոր երազանքները զրոյացվում են, որտեղ Արցախից բռնի տեղահանված քաղաքապետերի են կալանավորում, որտեղ բերետավորները ոհմակով հարձակվում են ընդվզող մարդկանց վրա, որտեղ Վեհափառի մուտքը կարող են ինչ-որ «միլիցեք» փակել, ու քաղաքական ու գերատեսչական ղեկավարությունն արդարացնի դա, որտեղ պաշտոնյաները կարող են դոշ տալ ու «մեծարգո»-ով դիմել այն վարչապետին, որի օրոք անհաշվելի կորուստներ ենք ունեցել եւ ունենում։ Իմ ընկեր, դեսպան Վ. Մելիքյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել հարեւանների ֆուռերը սպասարկող քարվանսարայի՝ աներազանք, անիմաստ։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ չեն համակերպվելու այս սցենարի հետ, ու սա լինելու է մեր ժողովրդի պատմության մեջ խոշորագույն ու ողբերգական մի գաղթ։
Նիկոլին սա ձեռնտու է, չէ՞ որ պետությունը, նրա պատկերացմամբ, միայն լավ ապրելու համար է։ Ինքը լավ կապրի, մի փոքր խումբ լավ կապրի, մնացածը կդառնան քարվանսարայի աշխատողներ։
Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու ապրել մի երկրում, որտեղ պետության եւ «լավ ապրելու» նշաձողը իջեցված է շատ ուտելու մակարդակին։
Այս տրամաբանությամբ մարդկության պատմության մեջ զրկանքների գնով արված բոլոր գյուտերը, հայտնագործությունները, արվեստի ստեղծագործությունները, համաշխարհային արժեքների ստեղծումն անիմաստ էին, որովհետեւ Ջորդանո Բրունոյից սկսած բոլորը պետք է մտածեին միայն լավ ապրելու մասին։ Իսկ Վան Գոգը սոված գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն պետք է լավ ռոճիկով մալյար աշխատեր հարեւանի տանը՝ ըստ Նիկոլի։
Գործող իշխանության աշխարհընկալումը ռեստորանի մենյուի շրջանակներում է։ Նրանց Աստվածաշունչը եւ Սահմանադրությունը երկրի մենյուն է։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ընտանիքների համար «մեծարգո»-ի աշխարհընկալումը եւ նրան մահակով, մանդատով կամ գրչով պաշտպանող զանգվածը դառնում է օրգանապես անընդունելի։ «Եթե»-ն իրոք շատ հստակ է։ Շարժման հաղթանակը երկրում նոր բարքերի ու նոր մթնոլորտի հաղթանակն է՝ ներքին հաշտության մեծ հնարավորությամբ։ Հակառակ պարագայում պարզապես չենք կարողանալու այստեղ ապրել։
Այնպես որ, այս պայքարը իշխանության համար չէ, այլ՝ Հայաստանում ապրելու հնարավորության։ Սա նշանակում է, որ Շարժումը «եթե» իսկապես չի կարող ունենալ։ Պատրաստվեք համառ ու գրագետ պայքարի՝ անհատապես բոլորիս անմիջական մասնակցությամբ», – գրել է նա։

ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՐԱՆ
«Սա նախերգանքն է լինելու, էլ մեր դեմն էլ առնել չկա։ Ոստիկանությունը թող իմանա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների կողմից ԱԳՆ շենքի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվելուց հետո։
Նա հայտարարեց, որ գլխավոր պատասխանատուն «ստախոս վախկոտն է»։
«Սեւ բերետավորներն ինձ էլ են խփել։ Լրագրողին էլ են ծեծել։ Կապ չունի, այսօր մենք ԱԳՆ բոլոր աշխատակիցներին հռչակում ենք թուրք-ադրբեջանական գործակալ, համացանցը ամբողջ հեղեղում եք, առաջին հերթին Արարատ Միրզոյանի նկարոց։ Ոստիկանությունը թող իմանա, սա նախերգանքն է։ Ձեր պարտականությունները կատարեք օրենքով, ոչ թե պաշտպանեք վախկոտին։ Մենք կմնանք այստեղ, ուզում է ձյուն գա, ուզում է անձրեւ գա։ Օր ու արեւ չենք տալու»,-ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ սարկավագներին են տարել, ոստիկաններին հորդորեց՝ բերեն տղաներին։

ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է
«Ես նկատեցի, որ 4 հոգով ձերբակալում են քաղաքացիներին եւ տեսա, որ ոստիկաններից մեկը հարվածեց»: Այս մասին երեկ՝ մայիսի 31-ին ԱԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով հեւում էր:
«Ես պնդեցի, որ ներս թողնեն ինձ: Այդ պահին հանդարտ էր իրավիճակը: Հավաստիացած ենք, որ ճանապարհին բռնության չեն ենթարկում:
Ոստիկաններն իրենց հերթին պնդում են՝ որ ինչ-որ մեկն իրենց բզով խփել է: Ես ասում եմ, ով բզով խփել է ոստիկանին, սադրիչ է, սրիկա է եւ կապ չունի այս շարժման հետ, եթե այդպիսի բան կա:
Բայց ես իմ աչքով տեսա, որ ոստիկաններից մեկը հարվածում էր տղաներից մեկին: Մի հոգու ինքնազգացողությունը վատացավ, սրտի խնդիր ուներ՝ Սարգիս Բալայան. Խդրում եմ փաստաբան ուղարկել կենտրոնի բաժին»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ ԱԳՆ-ի դիմաց իրավիճակը լարվեց, բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: «Ազգային ճակատի» փոխանցմամբ՝ ԱԳՆ շենքի դիմաց բախման ժամանակ Բագրատ Սրբազանին սեւ բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել:
«Կարմիր բերետավորները հոգեւորականների են բերման ենթարկել եւ ծեծել ԱԳՆ դիմաց անցկացվող հավաքը լուսաբանող լրագրողներից ոմանց: Ոստիկանների բիրտ եւ անհամաչափ ուժի կիրառման արդյունքում քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաեւ մահակներով: Ոստիկանները բերման են ենթարկել հոգեւորականների»,-նշում է «Ազգային ճակատը»:




Լրահոս