ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի եւ Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում:

Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն եւ այլ ծրագրերի շրջանակում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաեւ կատարողական ակտերի ստորագրման եւ կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված՝ Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել եւ որպես կաշառք ստացել է 100.000-ից 1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1.700.000 ՀՀ դրամ):
Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով եւ 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով եւ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա՝ Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի եւ Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է տնային կալանքով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննվելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՅՐԸ ՎՆԱՍԵԼ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 3-ին ուշագրավ դեպք է եղել Գյումրիում։ Ժամը 20։55-ին 1960 թվականին ծնված Գ.Հ.-ն, իմանալով, որ պայմանագրային զինծառայող որդուն խմածության համար աշխատանքից ազատել են, դանակով վնասել է դաստակները։
Վերջինիս շտապ տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՑՈՒՅՑԻ 19-ԱՄՅԱ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ, Երեւան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելով, տրանսպորտային միջոցները կայանել են ճանապարհի երթեւեկելի մասում՝ այդ կերպ իրականացնելով անհնազանդության ակցիա:
Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները միջպետական նշանակության ավտոճանապարհին իրականացրել են հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ապահովել միջպետական ճանապարհով տրանսպորտային միջոցների անխափան երթեւեկությունը: Ոստիկանության ծառայողները, ունենալով իրենց լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու իրավունք, նշված տեղանքում ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու նպատակով պահանջել են երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող վայրերում կանգնած տրանսպորտային միջոցները հեռացնել, ինչին ի պատասխան՝ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հրաժարվել են այդ պահանջները կատարել, եւ երբ ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է «Վազ Պրիորա» մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքի արգելակն իջեցնելու միջոցով այն դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ազատել այն, բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վայք քաղաքի 19-ամյա բնակիչը, հարվածներ է հասցրել ոստիկանության նշված ծառայողի մեջքի շրջանին եւ քաշքշել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամանակով: Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ ԵՎ ՊԱՐԵԿԻ ՄԻՋԱԴԵՊԸ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կապան քաղաքի երկու բնակիչներ Գ.Փ.-ի եւ Մ.Հ.-ի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով գիշերային հերթափոխով ծառայություն իրականացնելիս ժամը 04:30-ի սահմաններում, ձայնային եւ լուսային ազդանշանով կանգնելու հրահանգ են տվել Գ.Փ.-ի անվամբ հաշվառված, մեկ այլ անձի կողմից վարած «Toyota LC 150 4.0 GAS» մակնիշի ավտոմեքենային, սակայն վերջինս շարունակել է վարել ավտոմեքենան եւ կայանել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող առանձնատան դիմաց։ Դրանից հետո պարեկային ծառայողները մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են վարորդը եւ Կապան քաղաքի վերոնշյալ բնակիչները։ Պարեկները վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո Գ.Փ.-ն ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը՝ վարորդի փաստաթղթերը եւ նրա սթափության վիճակը ստուգելուն միջամտելու նպատակով՝ քաշել եւ պոկել է պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրացված, վերջինիս հսկողության տակ գտնվող տեսագրող սարքը եւ նետել փողոցում՝ վնասելով այն:
Այդ ընթացքում Մ.Հ.-ն սպառնացել է վնասել պարեկներին ծառայողական նպատակներով հատկացված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, ապա բռնել է նրանցից մեկի համազգեստից, քաշքշել, հարվածել նրա գլխարկին, ինչպես նաեւ հրել է մյուս պարեկին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի հիշյալ բնակիչներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
Քննչական կոմիտեն չէր բացահայտել, թե ով է Գ.Փ.-ն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է։




Լրահոս