ԲՀԿ-ԱԿԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը` ուշ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի թիկնապահներին: Սակայն Գասպարյանն այդպես էլ չպատասխանեց լուրը ճշտելու նպատակով արված մեր հեռախոսազանգերին, ուստի մենք այդ լուրը չհրապարակեցինք: Երեկ, սակայն,  ԲՀԿ-ական  պատգամավորը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իր եղբորորդուն են հրավիրել ոստիկանություն,  հետո բաց  թողել:
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն Ազգային Ժողովի ճանապարհին` Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում,  կանգնեցրել են ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի մեքենաները  եւ  պատգամավորի հետ եղած մարդկաց հրավիրել ոստիկանություն:
Բաժին են տարել նաեւ ԱԺ պատգամավորի եղբորորդուն` Արա Գասպարյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի հետ: Վերջինս ասաց, որ լուրջ բան չկար. «Ախպորս էրեխեն էր եկել իմ մոտ, հիմա Երեւանում սովորում է, զանգեց, ասաց` հոպա՛ր, որտե՞ղ ես, ասեցի` Ազգային Ժողով եմ, հիմա էլ ուզում եմ տուն էթամ, բա` համբերի՛, գամ, իրար հետ տուն գնանք, ասեցի` արի՛: Եկավ, մեքենայով իրար հետ տուն էինք գնում, ոստիկանությունը կանգնացրեց, հետո բաց են թողել»:
Պարոն Գասպարյանը նշեց, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իր եղբորորդուն հրավիրել են ոստիկանություն. «Պատճառը… չէ՛, ասեցին, ինչ-որ չի կարելի եւ այլն, եւ այլն…»: ԱԺ պատգամավորն ասաց, թե ոստիկանությունը կասկածել է, որ Արա Գասպարյանն իր թիկնապահն է, եւ հրավիրել է ոստիկանություն` տեղում պարզելու համար: «Հա, ներողություն էլ խնդրեցին, մակարդակով… ես էլ շնորհակալություն հայտնեցի իրենց լավ վերաբերմունքի համար»,-ոստիկանության բաժնում իրենց հետ կատարվածի մասին պատմեց Գասպարյանը:
Ի դեպ, լուրեր տարածվեցին, որ տվյալ միջադեպը կապված է մի քանի տարի առաջ Ռուստամ Գասպարյանի դեմ կատարված մահափորձի հետ: Սակայն Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Չէ հա, մահափորձն ի՞նչ կապ ունի սրա հետ, էտի վաղուց եղել անցել ա, հենց մի բան լինում է` դնում, սաղ կենսագրությունս գրում են: Ախր էսի ընդհանրապես կապ չունի մահափորձի հետ»: Պատգամավորը վստահեցրեց, որ ինքը թիկնապահով չի շրջում. «Եթե որեւէ պահի դուրս գամ, հնարավոր է` եղբորս որդիների կամ քրոջս որդիների հետ, ես թիկնապահ չունեմ, որ թիկնապահների հետ շրջեմ»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռեւս օգոստոսին հայտարարեց, որ ավելորդ է համարում զգուշացնել, որ իր համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որը միշտ կարելի է տեսնել մեր օլիգարխների կամ գործարարների շուրջ. «Իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահները կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի մեջ»: Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ ինքը չի հանդուրժի, որ մեր հայրենի իշխանության ներկայացուցիչները երկրում շրջեն մի ամբողջ թիկնազորով, եւ ակնկալում է, որ ԱԺ-ում համապատասխան կանոնակարգ կընդունվի, եւ կարգելվի թիկնապահներով շրջելը:
Մեր այն հարցին,  թե արդյոք  Գասպարյանին ԲՀԿ-ից  չեն զգուշացրել, որ Սերժ Սարգսյանն արգելել է երկրում թիկնապահներով շրջել, պատգամավորը պատասխանեց. «Ասվել ա, ո՞նց չի ասվել, գիտենք, ո՞նց չգիտենք: Առանց զգուշացնելու էլ մենք գիտեինք, որ տենց ա, նախագահի հայտարարությունը,  նախագահի որոշումը գիտենք, ո՞նց չգիտենք…»:
Փաստ է այն, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը քաղաքում շրջում է թվով շատ մարդկանց հետ, որոնց մեջ հիմնականում երիտասարդներ են, ինչն էլ, թերեւս, անհանգստացրել է ոստիկանությանը, եւ նրանք որոշել են պատգամավորին եւ նրա շքախմբին հրավիրել բաժին` տեղում պարզելու համար,  թե ովքեր են Գասպարյանի «թիմակիցները»: Զարմանալին այն է, որ հատուկ ուշադրության է արժանացել հենց ԲԿՀ-ականի եղբորորդին` Արա Գասպարյանը, որին հատուկ հրավիրել են ոստիկանություն:  
Փորձեցինք մեր տեղեկությունները ճշտել նաեւ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից հաստատեցին  Ռուստամ Գասպարյանին եւ նրա եղբորորդուն ոստիկանություն հրավիրելու իրողությունը: Տեղեկացրին, որ դա արվել է պրոֆիլակտիկ նպատակով` զգուշացնելու համար, որ երկրում  թիկնապահներով շրջելն արգելվում է:  

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս