Windows-Ի ՇՈՐԹԻՉ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասպերսկի» ընկերության Կիբեռմիջադեպերին արձագանքման գլոբալ թիմի (Kaspersky GERT) փորձագետները BitLocker-ն օգտագործող նոր շորթող ծրագրի միջոցով կորպորատիվ սարքերի վրա գրոհներ են հայտնաբերել: Սա Windows-ի անվտանգության գործառույթ է, որը թույլ է տալիս պաշտպանել տվյալները ծածկագրման միջոցով: Վնասաբեր ԾԱ-ն ստացել է ShrinkLocker անվանումը։

Ընկերությունը հայտնում է, որ չարագործները վնասակար սկրիպտ են ստեղծել VBScript-ով՝ ծրագրավորման լեզվով, որն օգտագործվում է Windows-ով աշխատող համակարգիչներում գործընթացներն ավտոմատացնելու համար: Այդ սկրիպտը ստուգում է, թե Windows-ի որ տարբերակն է տեղադրված սարքում, եւ ըստ այդմ ակտիվացնում է BitLocker-ի գործառույթը: Վնասաբեր ծրագիրը կարող է վարակել ՕՀ-ի ինչպես նոր, այնպես էլ հին տարբերակները՝ ընդհուպ մինչեւ Windows Server 2008-ը։
Սկրիպտը փոխում է ՕՀ-ի գործարկման պարամետրերը, այնուհետեւ փորձում ծածկագրել կոշտ սկավառակի բաժինները BitLocker-ի միջոցով: Ստեղծվում է բեռնման նոր բաժին՝ հետագայում ծածկագրված համակարգիչը գործարկելու հնարավորություն ունենալու համար: Չարագործները նաեւ հեռացնում են անվտանգության գործիքները, որոնք օգտագործվում են BitLocker-ի ծածկագրման բանալին պաշտպանելու համար, որպեսզի հետագայում օգտատերը չկարողանա վերականգնել դրանք:
Հաջորդիվ վնասաբեր սկրիպտը չարագործների սերվեր է ուղարկում համակարգի մասին տեղեկատվությունը եւ վարակված համակարգչում գեներացված ծածկագրման բանալին։ Դրանից հետո այն «մաքրում է հետքերը». հեռացնում է լոգերը եւ տարբեր ֆայլեր, որոնք կարող են օգնել գրոհի հետազոտմանը:
Վերջնական փուլում վնասաբեր ծրագիրը հարկադրաբար արգելափակում է հասանելիությունը համակարգին։ Զոհը էկրանին տեսնում է հաղորդագրություն. «Ձեր համակարգչում BitLocker-ը վերականգնելու տարբերակներ չկան»:
«Կասպերսկի» ընկերության փորձագետները վնասաբեր սկրիպտին տվել են ShrinkLocker անվանումը (անգլ. shrink՝ փոքրացնել): Գրոհների ժամանակ առանցքային դեր է խաղում կոշտ սկավառակի բաժինների պարամետրերի փոփոխությունը. դա չարագործների համար ապահովում է ծածկագրված ֆայլերով համակարգը գործարկելու հնարավորություն:
«Գրոհների համար օգտագործվել է BitLocker-ը՝ գործիք, որն ի սկզբանե ստեղծվել է տվյալներին չարտոնված հասանելիությունը կանխելու համար։ Պաշտպանական գործիքը զենք է դարձել չարագործների ձեռքում։ BitLocker օգտագործող ընկերություններին անհրաժեշտ է օգտագործել հուսալի գաղտնաբառեր եւ ապահով պահել հասանելիությունը վերականգնելու բանալիները: Կարեւոր է նաեւ կազմակերպել կարեւոր տվյալների պահուստային կրկնօրինակումը: Խորհուրդ ենք տալիս օգտագործել MDR կամ EDR դասի լուծումներ վաղ հայտնաբերման համար եւ, իհարկե, հետաքննել բոլոր միջադեպերը՝ գրոհի սկզբնական վեկտորը հայտնաբերելու եւ ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը բացառելու համար»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության Համակարգչային միջադեպերին արձագանքման գլոբալ թիմի ղեկավար Կոնստանտին Սապրոնովը:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԲԱՆԿ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԿԱՊ
Մատնահետքով կամ պարզապես մի հայացքով ֆինանսական գործարքներ կատարելը տարիներ առաջ դժվար կլիներ պատկերացնել։ Սակայն այսօր այդ ամենն արդեն իրականություն է ու մեր առօրյայի մի մասն է։ Բանկի, նորագույն տեխնոլոգիաների եւ հաճախորդների միջեւ կապի, օնլայն բանկինգի զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ մարտահրավերների մասին խոսել է Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը։
Հարությունյանը պատմել է Բանկի ՏՏ ներուժից, նշել, թե ինչ քայլեր են կատարում հաճախորդների համար նորագույն տեխնոլոգիաների ինտեգրմամբ ժամանակակից ծառայություններ առաջարկելու ուղղությամբ։

ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Ջանիկ Բազեյանը Ճամբարակում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները՝ շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։
Ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով եւ սահմանված գոտիականությամբ։
Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։
Ճամբարակ համայնքում երրորդ գոտում ընդգրկված են բոլոր բնակավայրերը՝ բացառությամբ Շողակաթ ու Դրախտիկ բնակավայրերի, որոնք ընդգրկված են երկրորդ գոտում։
Այստեղ բնակարան կառուցել կամ ձեռք բերել ցանկացողներին պետական աջակցություն կտրամադրվի 4 միլիոն դրամի չափով։
Մարզի մնացած բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, կտարամդրվի 3 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ՝ սահմանված են նաեւ ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ եւ հիպոթեկային վարկավորում։

ԻՐԱՆԸ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաեւը տեղեկացրել է, որ Իրանը ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն անհրաժեշտ է համարում երկրների եւ տարածաշրջանային առեւտրային միավորումների ցուցակի ստեղծումը, որոնց հետ ԵԱՏՄ-ն նպատակահարմար է, որ սկսի համաձայնագրեր կնքել ազատ առեւտրի գոտու մասին։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին։




Լրահոս