ԷԼ ՉԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռն այս տարի շուտ եկավ, եւ դա լրջագույն խնդիր է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մինչ օրս բազմաթիվ անօթեւաններ կան: Օդերեւութաբանները դժվարությամբ են հիշում` վերջին տարիներին` նոյեմբեր ամսին, երբ է ջերմաստիճանը նվազել 18-20 աստիճանով: Մարզի հիդրոմետ ծառայության պետ Հերմես Թադեւոսյանը նշեց, որ տարվա այս եղանակին -24 աստիճան ցուրտ արձանագրվել է 1953թ-ին: Իհարկե, շատերի համար դժվար կլինի պատկերացնել, թե -20 աստիճան ցրտի պայմաններում ինչպես  են ապրում անակնկալի եկած գյումրեցի անօթեւանները, որոնք դեռեւս չէին հասցրել նախապատրաստվել տարածաշրջանին բնորոշ սառնամանիքներին: Նրանցից 1076 ընտանիք մտածել է, որ ամենեւին էլ կարիք չկա վառելափայտ ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր թափել` համոզված լինելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը կատարվելու է, եւ իրենք վերջապես բնակարանամուտ են տոնելու, ձմեռն էլ անցկացնելու են տաքուկ բնակարաններում, ոչ թե սարսափելի վիճակում գտնվող տնակներում:
Սակայն բնակարանամուտ չեն տոնի ոչ միայն Գյումրիում, այլեւ հարեւան Ախուրյան համայնքում, որտեղ կառուցվում է 104 բնակարան: Հիշեցնենք, որ Ախուրյանում անօթեւանների թիվն անցնում է 180-ից: Դեռեւս տարեսկզբին ախուրյանցիներին էլ պետական պաշտոնյաները խոստանում էին, որ նորակառույցներն այս տարի կհանձնվեն շահագործման: Թե Ախուրյանում ինչու բնակարանամուտ չի լինի, պատասխանատուներն արձագանքում են, թե որակի հաշվին չեն ցանկանում շինարարության տեմպերն արագացնել: Ի դեպ, այս համայնքում կառուցվող երեք շենքերն ամբողջությամբ չեն լուծի Ախուրյանի անօթեւանության խնդիրը` շեշտում է համայնքապետ Արծրունի Իգիթյանը:  
Անօթեւանները, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում, սովորաբար այս շրջանում դիմումներ են գրում քաղաքային եւ մարզային իշխանություններին, խնդրում իրենց վառելափայտ հատկացնել: «Հիմի անգամ հնարավորություն չունենք, որ ամուսինս մեկնի արտագնա աշխատանքների: Տոմսի փող էլ չկա: Չնայած վախենում եմ, որ գնա ու էլի առանց փող տուն գա: Հիմա ոչ մի տեղ նորմալ աշխատանք չկա, շատ դժվարությամբ ենք մեծացնում մեր 4 անչափահաս երեխաներին»,-ասում է ընդամենը 9 մետրանոց տնակում 6 հոգով ապրող ընտանիքի մայր Ռիմա Պետրոսյանը:
 Շիրակի մարզում, որտեղ գործազրկությունն ու աղքատությունը բարձր ցուցանիշի վրա են, նման ընտանիքներ կարելի է հազարներով հաշվել: «Գոնե այս տարի մեզ չխղճացին, որ տուն տային, թողնեինք էրթայինք, մեր տները մարդավայել ապրեինք: Որեւէ մեկը չի բացե մեր դուռը` իմանա` ինչ կերպ կլուսացնենք ժեշտից դոմիկներում: Էլ չենք դիմանա ասելով` կապրինք, ու տարօրինակն էն է, որ կդիմանանք»,-ասում է 70-ամյա  թոշակառու Լարիսա Սարգսյանը:
Հիդրոմետ ծառայության աշխատակիցներն անօթեւանների համար միակ ուրախալի լուրը համարում են այն, որ ջերմաստիճանն առաջիկա մի քանի օրերի ընթացքում մոտ 5 աստիճանով կբարձրանա: Բայց իհարկե հորդորում են` հարկավոր է նախապատրաստվել, ինչպես հարկն է. Շիրակի մարզում խստաշունչ ձմեռ է սպասվում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս