Հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այլևս երբեք չի մեկնի Բելառուս: Խոսելով Հայաստանի և ՀԱՊԿ բարդ հարաբերությունների մասին՝ վարչապետը հիշեցրել է Բելառուսի նախագահի հայտնի սկանդալային հայտարարությունը.
«ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ դրանից հետո ես գնալու եմ Բելառուսի ղեկավարի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատով ինչ-որ բան քննարկելու»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ թույլատրելով շփումները ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի ներսում։
Հավելենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Ըստ Բելառուսի նախագահի խոսնակի, Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը:
Հիշեցնենք, որ ոչ շատ հեռու անցյալում՝ 2023 թվականի դեկտեմբերին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին։ Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է պատվիրակության անդամներին։
2020 թվականին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, առաջին անգամ Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը Մինսկում մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Բացի այս պաշտոնական այցը Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումներ եղել են 2018 թվականին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, 2018 թվականի վերջին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը, 2019 թվականին Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, Բիշքեկում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, Մոսկվայում՝ «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և այսպես շարունակ։
Փաշինյանի նման կոպիտ հայտարարություններին զուգահեռ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:
Հստակ պատճառ, թե ինչու Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կտրուկ փորձում է խզել կապերը Բելառուսի ղեկավարության հետ ևս, հայտնի չէ։ Ըստ քաղաքագետների՝ դա արվում է հայ-ռուսական հարաբերությունների վատացման ֆոնին զուգահեռ, քանի որ հարաբերությունները խզվում են նաև ՀԱՊԿ-ի հետ, ըստ այդմ, հարաբերությունները աստիճանաբար լարվում են նաև անդամ այլ երկրների նկատմամբ ևս։ Կարելի է հստակ արձանագրել, որ պատերազմից 4 տարի անց Բելառուսի հայտարարությունները այսօր հիշելը առնվազն պատճառաբանություն է, իսկ հարաբերության խզման արմատներն այլ ուղղություն ունեն։
Հարցական է, թե ինչպես սատացվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմական հանցագործությունը, որն իրականացվել էր ադրբեջանաթուրքական տանդեմի նախաձեռնությամբ, կարողացավ ներել և մեկնեց Թուրքիա՝ Անկարա, նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությանը, իսկ Բելառուսի նախագահին այդպես էլ ներել չկարողացավ։
Էմմա Միքայելյան