![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/20220713_gaf_u39_1751-pic4_zoom-1500x1500-56845.jpg)
Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ կան վիճելի ոլորտներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԵՄ հարցերով նախարար Ադամ Շլապկան, հայտնում է ուկրաինական Strana հրատարակությունը։
Շլապկան ասել է, որ հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա Ուկրաինայի և ԵՄ-ի միջկառավարական համաժողովը, որտեղ կսկսվեն բանակցությունները։ Սակայն նա նշել է, որ բանակցային գործընթացը բարդ է լինելու:
Նրա խոսքով՝ բանակցություններում Ուկրաինայից պահանջվում է պահպանել բարեփոխումները, այսինքն՝ անհրաժեշտ է իսկապես փոխել երկիրը։
«Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ունեն իրենց շահերը։ Ուստի անհրաժեշտ է համատեղ գտնել լավագույն լուծումները»,- ասել է պաշտոնյան։
Հունիսի 14-ին Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել հունիսի 25-ին Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։
Մինչ այս հաղորդվում էր, որ Բրյուսելը մտադիր է արագացնել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև հուլիսի 1-ը:
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Կիևն արել է ամեն ինչ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։