ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի
պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման
արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա
Խզմալյանը:
Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի
առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ: Բալետի բեմադրությունն
իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը նախարարին ներկայացրել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի
100-ամյակի շրջանակում իրականացրած ծրագրերը, քոլեջի շենքային պայմանների բարելավման և
վերանորոգման աշխատանքները: Նրա խոսքով՝ վերանորոգվել են ուսումնական թատրոնը, բեմը, մուտքը,
թատրոնի տանիքը, հանդերձարանները, պարասրահը, մասնագիտացված բալետային հատակ է տեղադրվել
թատրոնի բեմում, իրականացվել են բարեկարգման այլ աշխատանքներ:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ
նախարարությունը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և
ծրագրերին:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Վիլեն Գալստյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ:
Բացվել է Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնը․ ներկա են եղել ԿԳՄՍՆ նախարարն ու Մատենադարանի տնօրենը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ