««Սունդուկյան» թատրոնի տնօրինությունն աշխատանքից հեռացրել է «Գոյ» թատրոնի անձնակազմին»․ Սարգիս Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Թոփալյանը, ով նաև «Գոյ» թատրոնի դերասաններից էր, գրառում էր կատարել, որում նշել էր, որ ազատվել է աշխատանքից, իսկ քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որի համաձայն՝ աշխատանքից ազատվել են թատրոնի բոլոր դերասանները։

ArmLur.am-ն այս հարցով կապ հաստատեց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ։

ArmLur.am-ի հետ զրույցում՝ Արզումանյանն ասաց, որ «Գոյ»-ի դերասանական անձնակազմին աշխատանքից ազատել է «Գաբրիել Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրինությունը։

«Բոլորին հեռացնելը՝ այո՛, հեռացված են, որովհետև վերջում մնացել էին 2 հոգի։ Խնդիրը հետևյալն է՝ օրենքի խախտմամբ «Գոյ» թատրոնն ու «Սունդուկյան» թատրոնը միացվել էին իրար, իսկ «Գոյ» թատրոնը բազմիցս հայտարարել է, որ չի միանալու և չի աշխատելու «Սունդուկյան» թատրոնում, իսկ «Սունդուկյան» թատրոնն էլ անձնակազմին իրազեկել էր և ծանուցում էր ուղարկել, որ պայմանների փոփոխություն պետք է լինի՝ եկեք ստորագրեք և աշխատեք։ Հիմա մենք բնականաբար չենք գնացել, չենք ստորագրել և չենք աշխատել, իսկ օրենքով սահմանված հատվածում էլ «Սունդուկյան» թատրոնը մեզ պետք է աշխատանքից ազատեր, ինչը, որ արել է՝ նորմալ երևույթ է»,- ասաց Սարգիս Արզումանյանը։

Սարգիս Արզումանյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ է սպասվում հաջորդիվ, ինչին ի պատասխան Արզումանյանն ասաց․

«Նստացույցը դադարեցրել ենք, բանակցությունների փուլում ենք ԿԳՄՍՆ-ի հետ։ Աշխատում ենք անկախ թատրոնի կարգավիճակի համար։ Երևի թե 2 ամսից արդեն շոշափելի արդյունք կունենանք»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս