Մենք հետևում ենք ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մասին զեկույցներին․ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավարը պատասախանել է Թագուհի Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է իմ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ գրությանը։

Նամակի մեջ նշել էի, թե ինչպես էին ոստիկանական ուժերն անհամաչափ ուժ կիրառում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Փաստերով ներկայացրել էի տեղի ունեցած իրադարձությունները։ Օրինակ որ «Զարյա 3» տեսակի նռնակ է կիրառվել դեպքի վայրում, որը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշներն սահմանելու մասին» N 09 հրամանի համաձայն, թուլատրելի չէ: ՀՀ ոստիկանությունը կարող էր կիրառել միայն «Զարյա» և «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ:
ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան շնորհակալություն է հայտնել իմ գրությանը՝ պատասխան նամակում նշելով․

«Պատասխանում եմ Ձեր` 2024 թվականի հունիսի 26-ի նամակին, որը դուք ուղարկել էիք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որում ձեր մտահոգությունն եք հայտնում Հայաստանում ոստիկանական բռնությանների վերաբերյալ:
Խաղաղ ցույցերը տեղ ունեն բոլոր ժողովրդավարական երկրներում:
Հավաքների ազատության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելը, պաշտպանելը և կատարելը պարտավորություն է, որը կիսում են և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն:
Վստահեցնում եմ, որ մենք հետևում ենք ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մասին զեկույցներին։
Հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության ցանկացած արձագանք պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին և այլ միջազգային չափանիշներին: Կարևոր է, որ ցանկացած ենթադրյալ ոստիկանական բռնություն մանրակրկիտ հետաքննվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում ցուցարարներին պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած տեսակի սադրանքներից։
Մարդու իրավունքները, քաղաքական ազատությունը և օրենքի գերակայությունը ժողովրդավարության ողնաշարն են և հիմք են հանդիսանում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի համար: Այսպիսով, մինչ մենք ամրապնդում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը կմնան մեր համագործակցության առանցքային հենասյուները», այսպես է նշել իր պատասխան նամակում ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։

Հ․Գ․ Այսպիսի գրություններ ուղարկել եմ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային իմ գործընկերներին։ Պատասխան գրությունները կհրապարակեմ ըստ անհրաժեշտության։




Լրահոս