«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին «Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը» վերնագրով հոդված էր հրապարակել։
Հոդվածում ներկայացրել էինք ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը։ Հետաքրքրական էինք համարել, թե մեկ տարում ուր է անհետացել ՀՀ ֆինանսների նախարարի 400 մլն դրամ վարկը, քանի որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։ 2022 թվականի հաշվետու տարում «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը դեռ առկա էր, սակայն 2023 թվականի հաշվետու տարվա «եկամուտների, ստացված վարկերի եւ փոխառությունների» բաժնում 1 մլն դոլար վարկը (գրեթե 400 մլն դրամ) անհետացել է:
ArmLur.am-ը ՀՀ ֆինանսների նախարարից փորձեց ճշտել ինֆորմացիան, քանի որ նախարարի մամուլի քարտուղարը հորդորել էր հարցում ուղարկել։ Այսպիսով, ArmLur.am-ի հարցին ի պատասխան վարկի անհետանալը ՀՀ Ֆինանսների նախարարն այսպես մեկնաբանեց․
«Իմ 2022 թվականի հայտարարագրում դուք կտեսնեք, որ ես ունեմ վերցրած փոխառություն 1 մլն դոլար և ունեմ բաժնետոմսեր, փայամասնակցություն «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ում։ 2023 թվականի հայտարարագրում կտեսնեք, որ ոչ մեկը կա, ոչ մյուսը, դա պայմանավորված է նրանով, որ այդ բաժնետոմսերը և պարտավորությունները ես տրամադրել եմ 3-րդ անձի։ Ես այդ 1 մլն դոլար գումարը ժամանակին վերցրել եմ պարտք, որպեսզի գնեմ այդ ընկերությունը։ Արման Կարապետյանը ինձ տրամադրել է այդ փոխառությունը, որպեսզի ես գնեմ այդ ընկերությունում փայամասնակցություն»։
Էմմա Միքայելյան