ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ հասցեին մեղադրանքների շարքը կարելի է շարունակել, որովհետեւ բազմաթիվ այլ մեղադրանքներ էլ են հնչում»,-ԱԺ-ում երեկ անկեղծացավ Տիգրան Սարգսյանը: Իսկ նրա հասցեին վերջին օրերին բավականին լուրջ մեղադրանքներ են հնչում. օրինակ այն, որ վարչապետը հրապարակային միջոցառումներին ներկայանում ու ելույթ է ունենում հարբած, կամ էլ իրենց կուսակցության հետ կապված միջոցառումների վրա է ծախսում պետական բյուջեի միջոցները. ինչպես հայտնի է, Բրյուսելում ՀՀԿ-ի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու միջոցառմանը նա մեկնել էր նախագահական ինքնաթիռով՝ պետական միջոցների հաշվին: Բացի այդ, «համեստորեն» խախտում է ՀՀ կուսակցությունների մասին օրենքն ու թեեւ այնտեղ գրված է՝ պետական պաշտոն զբաղեցնող կուսակցականն իրավունք չունի պաշտոնական դիրքն օգտագործել կուսակցության շահերի համար, մարզեր կատարած այցերի ժամանակ Տ.Սարգսյանը կուսակցական տոմսեր է բաժանում:

Բայց արի ու տես, որ Տիգրան Սարգսյանն ունի այս մեղադրանքների դեմ իր արդարացումը, այն է՝ նա համատեղում է վարչապետի պաշտոնն ու ՀՀԿ-ական լինելը: Եւ օրինակ վերջերս ԵԺԿ-ին անդամակցելու համար նախագահական ինքնաթիռով Բրյուսել այցելելը նա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Վարչապետի այցը Բրյուսել եղել է ոչ թե կուսակցական, այլ պաշտոնական այց: Ես Բրյուսել մեկնել էի՝ մասնակցելու մի կարեւորագույն կոնֆերանսի, որի ժամանակ նախատեսված էր իմ ելույթը, նաեւ պարոն Բարուզոյի ելույթը, որ նվիրված էր Եվրամիության ճգնաժամային երեւույթների հաղթահարմանը, ԵՄ կողմից մշակված ռազմավարությանը: Եւ մեկնել եմ Բրյուսել՝ որպես վարչապետ: Այլ խնդիր է, որ Բրյուսելում կար նաեւ կուսակցական միջոցառում»,-սկսեց իր համատեղումները ներկայացնել նա: Ավելին, պարզվում է՝ Տիգրան Սարգսյանի այցի ժամանակ ինքնաթիռում ազատ տեղեր էլ են եղել, ու նա Բրյուսել հրավիրված կուսակցություններին ձեռքի հետ առաջարկել է իր հետ մեկնել: «Իսկ որպես կուսակցական ներկայացուցիչ՝ ՀՀԿ-ի կողմից մասնակցել է Արմեն Աշոտյանը»,-եզրափակեց Տ.Սարգսյանը: Մենք, իհարկե, կհավատայինք վարչապետին, եթե չլիներ մեկ այլ հանգամանք. բանն այն է, որ կոնֆերանսը, որին մասնակցելու համար Տիգրան Սարգսյանը մեկնել էր Բրյուսել, կազմակերպել է ԵԺԿ-ն, որին անդամակցելու հայտ են ներկայացրել կոալիցիոն երեք ուժերն ու «Ժառանգություն»-ը: Ավելին, այդ կոնֆերանսին մասնակցելու հրավեր ուղարկվել էր ոչ միայն ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանին, այլեւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչեւէ, Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող հաջորդ սկանդալն արդեն նրա վերջին ելույթն էր, որից տպավորություն էր՝ վարչապետը հարբած է ներկայացել ՀՀԿ երիտասարդական միջոցառմանը: Այս տեսանյութում Տ.Սարգսյանը զարմանալիորեն ելույթ էր ունենում ոչ թե բեմից, ինչպես ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը, այլ շարքերից, ինչն էլ անուղղակի կերպով ապացուցում էր, որ վարչապետը ոչ սթափ վիճակում է գտնվում: Վարչապետը համառորեն լրագրողներին համոզում էր, որ ինքը հարբած չի եղել: Ծնունդով լոռեցի Տ.Սարգսյանը նույնիսկ իր համերկրացու՝ Հովհաննես Թումանյանի հայտնի պոեմի հերոսի՝ Լոռեցի Սաքոյի նման հիշեց իր պապի խորհուրդները հին. «Անկեղծ ասած, իմ պապն ինձ խորհուրդ էր տալիս, որ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, որոնք չեն խմում: Դրա համար ընդհանրապես խմիչքին նորմալ եմ վերաբերվում»: Տիգրան Սարգսյանը, որ օրերս իր ելույթի «տեխնիկական խոտանի» համար «Ֆեյսբուք»-ի իր էջում մեղադրել էր Հանրային հեռուստաընկերությանը, երեկ էլ նոր մեղավորներ մատնանշեց. «Այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ, եւ մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտան ի հայտ գալ, որովհետեւ բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց, եւ բոլոր սարքավորումներն ու բարձրախոսները հեռու էին գտնվում»։ Եւ այսպես մեղադրանքների մի հսկա շարան հնչեցրեց իր թիմի հասցեին: Ի վերջո, խմա՞ծ էիք, թե՞ ոչ՝ համառեցինք մենք: «Ցավոք, խմած չէի, ցավոք»,-ասաց Տիգրան Սարգսյանը: Իսկ թե ինչու էր իր սկանդալային ելույթի ժամանակ կանգնած տեղում այդպես ճոճվում եւ աչքերը փակում, Տիգրան Սարգսյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ ինքն ինչ էլ անի՝ լրագրողներին չի գոհացնի: Այլ կերպ ասած՝ մեղավոր են բոլորը, բացի իրենից՝ Տիգրան Սարգսյանից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս