ԱԺ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
«Մենք քայլ առ քայլ իրականացնելու ենք այն նորմը, որ ամրագրված է Սահմանադրությամբ, եւ պետք է իրավական մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պատգամավորները չզբաղվեն բիզնեսով: Դրա համար օրենսդրական այնպիսի մեխանիզմներ են ընդունվել, ինչպիսիք են եկամուտների հայտարարագրումը, նաեւ էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, պատասխանելով լրագրողի` նշանակում է արդյո՞ք, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում այլեւս ՀՀԿ-ից գործարարներ չեն լինի հարցին, նա ընդամենն ասել է. «Սա մեր կողմից ընդունված Սահմանադրության եւ օրենքների պահանջն է»: Իսկ պահանջն այդ, ինչպես հայտնի է, մշտապես անտեսվում է:
ՄԻՆԱՍՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է` ՀԵՌԱՑԵ՛Ք
«Դուք խոստանում էիք ուսուցչի միջին ամսական աշխատավարձը դարձնել 207 հազար դրամ, ձեր բերված բյուջեի նախագծով 117.900 դրամ է, պետական կառավարման մարմինների աշխատողների միջին ամսական աշխատավարձը 208 հազար դրամ էիք խոստանում, իսկ այսօր զլանում եք անգամ 40 հազար քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը բարձրացնել: Սա է ձեր խոստումների իրական վիճակը»,-երեկ կառավարությանը հիշեցրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ համոզմունք հայտնել, որ պետական բյուջեի 2012 թվականի նախագիծը հարկավոր է մերժել:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՀԵՏ
Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի` Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի նախագահները զրուցել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես մտքեր փոխանակել ենթակառուցվածքային եւ ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ:
ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՈԶՎԱԾ Է
«Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը (վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում) հակասահմանադրական չճանաչելու առնչությամբ ՍԴ որոշումը լղոզված է եւ դատավորներին որեւէ ձեւով չի պարտադրում վերանայել ԶԼՄ-ների նկատմամբ իրենց մոտեցումները: Միակ ճիշտ որոշումը կլիներ հոդվածը հակասահմանադրական ճանաչել եւ ԱԺ-ին հարկադրել նոր օրենք ընդունել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
ԱԿՈՅԻ ՏՈՆԱԾԱՌԸ
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին նվիրել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Ակոյի տոնածառը» պատմվածքը: «Վարչապետի ողբերգությունը նրա ինտելեկտի եւ համատարած աղքատության հակադրությունն է: Նրա գաղափարները հասանելի չեն այն մարդկանց, որոնց ուժը հազիվ բավարարում է օրվա հացը վաստակելու մասին մտածելու համար»,-հայտարարել է Դալլաքյանը: Իսկ պատմվածքն այն մասին է, որ աղքատ բանվորն իր իր որդու մի քանի տարվա երազանքը` ամանորյա տոնածառը գնելու համար վաճառում է գործարանի հաստոցներից մեկը: Մի քանի օր հետո տեսնելով, որ իր փոխարեն անմեղ մարդու են ուզում մեղադրել, նա խոստովանում է եւ զրկվում աշխատանքից, իսկ մի քանի օր անց ինքնասպան լինում: