ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ՝ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է՝ Սրբազան շարժման առաջնորդները եւ աջակիցներն այս օրերին ճնշումների են ենթարկվում։

 

Պատգամավորի խոսքով՝ օրեր առաջ Նորատուսում շարժման մասնակիցներից մեկի մենքենան կոտրել են, իսկ հենց երեկ իրեն տուգանել են Աբովյան քաղաքում, ոստիկանն էլ, պատճառները բացատրելու փոխարեն, ասել է՝ ինչ արել եմ, լավ եմ արել։

Գառնիկ Դանիելյանը զրույցի վերջում նշեց՝ սեպտեմբերից շարժումը նոր թափով վերսկսելու է հանրահավաքներն ու ակցիաները։ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է՝ Սրբազան շարժման առաջնորդները եւ աջակիցներն այս օրերին ճնշումների են ենթարկվում։

-Պարո՛ն Դանիելյան, ինչպես Բագրատ սրբազանն է հայտարարել, այսուհետ վարչական շրջաններում բակային այցեր են լինելու եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքներն ավելի քիչ են լինելու: Ինչու՞ նման  որոշում կայացվեց. մեր քաղաքացիներից շատերը սովոր էին, որ օրվա ավարտին պիտի եկեղեցու բակ գան ու լսեն Բագրատ սրբազանին:

-Ես համաձայն չեմ նման գնահատականի հետ, քանի որ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքների փոխարեն՝ ավելի շատ այցեր են կատարվում թե՛ մարզեր, թե՛, ինչպես երեկ նշվեց, Երեւան քաղաքի բակեր: Այդ բակային հանդիպումները, այցելությունները վարչական շրջաններ նույնպես տեսակցություն են մարդկանց հետ եւ հավաքի արժեք ունեն: Բացի դրանից՝ այդ որոշումը ժողովրդի պահանջի հետեւանքն է: Շատերն ասում են, որ իրենց համար Կենտրոն վարչական շրջան գալը դժվար է: Թե՛ քաղաքացիներն են դիմել, որ այցելենք վարչական շրջաններ, որպեսզի ծանոթանան շարժման հետագա անելիքների հետ, թե՛ այս ժամանակաշրջանը ինքներս շատ արդյունավետ օգտագործել ենք:

Անդրադառնալով նրան, թե շարժումը մարում է, պետք է նշեմ, որ կիրակի օրը մենք Գեղարքունիքում էինք, երկուշաբթի՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում: Լույսը բացվելուց հետո եւ մինչեւ գիշերվա երկուսը- երեքը մեծ, ծավալուն աշխատանք էինք կատարում. հանդիպումներ, քննարկումներ անում տարբեր ոլորտային խմբերի, քաղաքական ուժերի հետ:

-Ի՞նչ արդյունք են տալիս մարզային հանդիպումները: Տեղյա՞կ են արդյոք մարզերում, թե ինչ գործընթացներ են կատարվում:

-Ցավով պիտի արձանագրենք, որ մեր շարժումը դադարել է զուտ Տավուշի հարցը բարձրաձայնելուց: Այն խնդիրները, որոնց բախվել է տավուշցին, այսօր արդիական են Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի բնակիչների համար: Այդ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել իշխանության վարած քաղաքականության հնարավոր հետեւանքներն իրենց համար: Սակայն, պետք է նշեմ, որ այս ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվում իշխանությունների կողմից:

Օրինակ՝ կիրակի օրը Նորատուս համայնքում ջարդուփշուր են արել մեր աջակիցներից մեկի մեքենան, որ եկեղեցուց քիչ հեռու էր կանգնեցված: Մինչ այդ գյուղացիներին զգուշացրել են, թե ով հավաքին մասնակցի, խնդիրներ կունենա: Դա ոչ միայն այդ գյուղին է վերաբերում, այլ ցանկացած համայնքի:

Մեր ցանկացած հավաքի ժամանակ ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները հատ-հատ նկարում են բոլորին, որպեսզի հասկանան՝ մասնակիցներն ովքեր են, եւ ինչպես կարող են նրանց վրա ազդեցություն ունենալ: Ֆիքսում են մեքենաների համարներն ու տալիս պարեկներին, որպեսզի տուգանեն: Հենց երեկ ոստիկանության աշխատակիցը, լկտիաբար ստելով ու աչքերիս մեջ նայելով, ինձ տուգանել է՝ ամրագոտին չկապելու համար, այն դեպքում, երբ ամրագոտին կապված է եղել: Նա պատճառաբանել է՝ ասելով. «Այսպես եմ ուզում, այսպես եմ անում»: Եթե ԱԺ պատգամավորի հետ են այդպես լկտիաբար խոսում, ուրեմն քաղաքացիները, ովքեր իրենց ձայնը բարձրացնելու խնդիր ունեն, կամայական վերաբերմունքի կարժանանան:

Տեսնում ենք՝ ամենաթողության հետեւանքով երկրում ինչ վիճակ է տիրում. մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Արցախի ԱԺ պատգամավորները սպասում են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը։

Նրա գլխավորած Արցախահայերի հավաքական հայրենադարձության նպատակով ձեւավորված հանձնախումբն այս օրերին կրկին արտերկրյա հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ։

Օրակարգը, ինչպես գիտենք, Արցախի հարցը մշտապես արդի պահելն է ու արցախահայերի հետվերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը։

Ինչպես Արցախի պատգամավորներն են մեզ փոխանցում, Վարդան Օսկանյանի նախորդ հանդիպումները բավականին արդյունավետ են անցել, շատ հարցեր են հստակեցվել։

Առաջիկայում Վարդան Օսկանյանը կրկին կվերադառնա Հայաստան եւ հանդիպում կունենա Արցախի պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու արտերկրյա հանդիպումների արդյունքները։

Ք. Մ.

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն եւ Սամիր Շարիֆովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ հարեւան տարածաշրջաններում առկա իրավիճակը: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի եւ Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ: Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ եւ միջազգային թեմաներ»,- ասվում է հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպումն անցել է «ավանդական բարեկամական եւ վստահության մթնոլորտում, որը համապատասխանում է ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»։

 

 

«ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երեւանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ իշխանության քաղաքական երկչոտությունն ու իրադրությանը համարժեք չարձագանքելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զավեշտալի, անլուրջ, որեւէ հեռանկար չունեցող ադրբեջական քարոզչական հնարքները վերածվում են քաղաքական պահանջների:

Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի»,- գրել է պատգամավորը:

 

 

ՍՐԲԱԶԱՆՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այս շաբաթ այցելելու է Վայոց ձոր:

Վերջին շրջանում Բագրատ Սրբազանն ամեն շաբաթ եւ կիրակի օրերին այցելում է մարզեր:

Այս ընթացքում նա եղել է Սյունիքում, Գեղարքունիքում, Արագածոտնում եւ Կոտայքում:

Տեղեկացանք, որ այս շաբաթ Սրբազանն իր աջակիցների հետ կլինի Վայոց ձորում եւ կհանդիպի տեղի բնակիչների հետ:

 

 

ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԴԵՊՔԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները պահանջելու են հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորել: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանի հրավիրած հավաքի ժամանակ։

«Կարծում եմ՝ չկա մի հայ, որի համար Մարտի 1-ը սեւ օր չէ, այդ օրը եւ հունիսի 12-ին տեղի ունեցածը մի նմանություն ունեն. երկու դեպքում էլ զոհերի, մարդկային վնասների, առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է` 2008 թվականին որպես ցուցարար, իսկ 2024 թվականին` որպես ՀՀ վարչապետ»,- հայտարարել է Մամիջանյանը։

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչներն ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը. «պատմական ստորագրումը» տեղի կունենա շուտով։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների իրավական եւ տարածքային գերատեսչությունների փորձագետների շատ արդյունավետ խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում հունիսի 21-ին, հնարավոր եղավ վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը»,- ասել է դիվանագետը։

Փոխնախարարը հավելել է, որ խորհրդակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով ամենասերտ երկկողմ շփումներից մեկի շրջանակում համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու ներքին ընթացակարգեր սկսելու վերաբերյալ։

«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում ականատես կլինենք այս իսկապես պատմական իրադարձությանը», – եզրափակել է Ռուդենկոն:

 




Լրահոս