73-ԱՄՅԱ ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2024թ. հունվարի 27-ին՝ ժամը 18:30-ին, տանը վայր ընկնելու հետեւանքով ստացած վնասվածքներով, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր Խարբերդի 73-ամյա բնակչուհի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է, ոչ թե ընկնելու, այլ ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ուստի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ. փետրվարի 29-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է մեկնել Ն. Խարբերդի նույն հասցե, որտեղ իր տանը մահացած է հայտնաբերել 73-ամյա կնոջը, ով օրեր առաջ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ վերջինիս հայտնաբերել հատակին ընկած ՝ բազմաթիվ վնասվածքներով եւ խեղդամահ արված: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երկու դեպքերում էլ տուժողին մարմնական վնասվածքներ հասցրել է նրա 53-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, նախկինում եւս մոր նկատմամբ բռնություն է գործադրել:

2024 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս Երեւան քաղաքի Նոր Խարբերդի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված բութ առարկայով հարվածներ է հասցրել իր մոր դեմքի եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ՝ դիտավորությամբ մոր առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից ավելի կայուն կորստով:

Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ. փետրվարի 29-ին՝ ժամը 08:00-ից մինչեւ 15:00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, դարձյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ապակյա շշով եւ այլ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել աջ վերին եւ ստորին վերջույթների կոտրվածքների հետեւանքով գիպսային անշարժացված վիճակում պառկած լինելու պատճառով դիմադրություն ցույց տալու կարողությունից զրկված, անօգնական վիճակում գտնվող իր մոր գլխի, դեմքի ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Այնուհետեւ, հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սեղմել է մոր պարանոցը եւ շնչահեղձ արել նրան: Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է պարանոցի օրգանների սեղմումով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողություններով տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ 53-ամյա տղամարդը, ըստ համապատասխան բուժհաստատությունից ստացված տեղեկանքի, դեռեւս 2001 թվականից հաշվառված է եղել «Խրոնիկական ալկոհոլիզմ երկրորդ աստիճանի» ախտորոշմամբ: Քննության համար էական հանգամանքներ պարզելու նպատակով վերջինիս նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ինչպես ներկայում, այնպես էլ մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գիտակցել է իր գործողությունների բնույթը, նշանակությունը վտանգավորությունը, կարող էր հաշիվ տալ իրեն՝ կատարած արարքների համար, ղեկավարել դրանք, եւ վերջինս ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տուժողի որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166- րդ հոդվածի մասի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 155-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 3-րդ եւ 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 

 

 

ԿՐԱԿՈՑԻ ՊԱՏՃԱՌԸ ԵՂԵԼ Է ԴԻՐՔՈՒՄ ՔՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Պարզվել են 2024թ. հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական եւ ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին:

 

 

ԴԱՍՏԻԱՐԱԿԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնում են ՆԳՆ-ից: «Ձերբակալման 72 ժամը լրացել է, եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել», – հավելում են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում երեխային: Նշենք նաեւ, որ երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել ոստիկանություն։

 

 

ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 25 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, ինչպես նաեւ խախտելով հողերի եւ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին եւ մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում շրջակա միջավայրին եւ ընդերքին անզգուշությամբ պատճառել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ.-ից վերոհիշյալ ՍՊ ընկերության սեփականատերն իրականացրել է լեռնային զանգվածի արդյունահանում ինչպես ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում, այնպես էլ՝ հարակից տարածքից:

Ընկերության կողմից, պատճառված վնասից, նախաքննության ընթացքում, կատարվել է 25.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ վնասի մնացած մասը վերականգնելու եւ ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

 

 

ԻՆՉ ԷՐ ՀԱՅՏՆԵԼ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սեւանի ճանապարհին, ըստ նախնական վարկածի, գոտիով իրեն կյանքից զրկած տղամարդը նամակ է թողել: Մասնավորապես, նա գրել է, որ կատարվածի համար որեւէ մեկը մեղավոր չէ, եւ նշված քայլին դիմել է կուտակված պարտքերի պատճառով:

Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 29-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին, պարանոցին էլ՝ ինչ-որ կասկածելի գոտի գցած։

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Տեղում պարզվել է նաեւ, որ մահացածը Երեւանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է։

 




Լրահոս