ArmLur.am-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է։
-Տիկի՛ն Հակոբյան, ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ սեպտեմբերից վերսկսելու է փողոցային պայքարը՝ հանրահավաքներ ու ցույցեր կլինեն։ Մտավախություն չունե՞ք, որ ընդդիմությունը կհաջողի այս անգամ ու կհեռացնի Ձեր ուժին իշխանությունից։
-Մտավախություն բացարձակ չունենք, քանի որ սա առաջին սեզոնային սրացումը չի ընդդիմության մոտ։ Պարբերաբար տարբեր դեմքերով այդ նույն շրջանակը փորձել է ակտիվացնել քաղաքական կյանքը, բայց նույն անբովանդակ խոսույթով, ինչպես տեսնում եք՝ աջակցություն չունեն հասարակության կողմից, լայն զանգվածներ չեն միանում նրանց հերթական սրացումներին, այնպես որ բացարձակ մտավախություն չունենք։ Ասեմ ավելին, որքան էլ արձակուրդային շրջան է, բայց մենք աշխատանքներ ենք տանում՝ կուսակցությունն ակտիվացնելու, կուսակցաշինության ուղղությամբ նաև պատրաստվում ենք խորհրդարանական աշխատանքներին, այնպես որ մենք մեր օրակարգով առաջ ենք գնում։
-Տիկի՛ն Հակոբյան, գուցե ընդդիմադիր շարժումը հասարակական լայն աջակցություն չստացավ, բայց այսօր իշխանություններից դժգոհությունները իսկապես շատ են, ընդ որում՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ այլ ոլորտներում։ Այսինքն, այնպես չէ, որ ընդդիմությանը չաջակցող զանգվածը իշխանությունների կողմնակից է։
-Համաձայն եմ, այնպես չէ, որ մենք երազանքների իշխանություն ենք, չի կարող դժգոհություն լինել մեզանից, բայց այդ դժգոհություններն այն աստիճան չեն, որ մենք մտավախություն ունենանք ցուցերից կամ այլ զարգացումներից։ Մենք մեր որդեգրած քաղաքականությամբ առաջ ենք գնում և այն սխալներն էլ, որոնք ունեցել ենք, վերլուծում ենք, մոնիտորինգ ենք անում։
-Ի՞նչ հետևություններ եք արել, ըստ Ձեզ՝ որո՞նք ենք Ձեր քաղաքական ուժի ամենամեծ բացթողումները։
-Ցանկացած ոլորտում կարող են լինել բացթողումներ, Դուք էլ աշխատանքում կարող եք սխալներ ունենալ ու հետևողականորեն աշխատել դրանց վրա։
-Իհարկե, բոլոր ոլորտներում են կան սխալներ, բայց Ձեր դեպքում, որպես իշխանություն, պատասխանատվությունն ավելի մեծ է, և Ձեր սխալները երկրի և ժողովրդի վրա շատ ավելի լուրջ հետևանքներ են թողնում։
-Հավատացեք, մենք հողից կտրված չենք, հասարակությունից կտրված չենք և բացթողումները, որոնք Ձեզ հետ զրույցում նշում են քաղաքացիները, մենք էլ դրանք հաշվի ենք առնում։
Քրիստինա Մուշեղյան