Դպրոցներում քաոսային իրավիճակ է․ աշակերտները չեն կարողանում ընդունվել դպրոց․ ի՞նչ է պարզաբանում ԿԳՄՍՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային արձակուրդները շուտով կավարտվեն, ինչը նշանակում է, որ սկսվում է նոր ուսումնական տարին։

Նոր ուսումնական տարին չսկսած՝ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ դպրոց ընդունվելը դարձել է նոր փորձություն։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին ասաց, որ իր երեխային չի կարողանում ընդունել իրենց թաղամասում գտնվող ավագ դպրոց, քանի որ այլ թաղամասերից էլ շատ բնակիչներ իրենց երեխաներին այս դպրոց են բերել ընդունելության համար։

«Մենք մեր երեխային ցանկանում ենք ընդունել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց»։ Մենք մեր վկայականը վերցրել ենք հուլիսի 3-ին, սակայն 184 դպրոց դիմել ենք 5 օր անց։ Սակայն մինչ վկայականը վերցնելը՝ մյուս ծնողները գնացել են այդ դպրոց, երեխայի տվյալներն են այնտեղ թողել, որ երբ վկայականը վերցնեն, տանենք ու միանգամից արդեն երեխան համարվի դպրոցում գրանցված աշակերտ ու սեպտեմբերից գնա դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

Ահազանգած քաղաքացին նաև հավելեց, որ վկայականը 184 ավագ դպրոց ներկայացնելուց ասել են, որ դպրոցում բոլոր թափուր տեղերը լրացել են և երեխային դպրոց ընդունել չեն կարող։

«Մենք տնտեսագիտական բաժին էինք ցանկանում ընդունվել, բայց, երբ վկայականն արդեն մեզ մոտ էր և մոտեցել ենք դպրոց գրանցվելու համար, մեզ ասել են, որ դպրոցում թափուր տեղերը լրացել են և ընդունելություն չունեն, վերջացել է ամեն բան արդեն։ Այս ամենը այն դեպքում, երբ մեր հարևանն իր երեխային նույն օրը բերել է այդ նույն դպրոց ընդունելության, ուղղակի այլ բաժին՝ պատմաիրավագիտական, իր երեխային ընդունել են՝ հիմք համարելով լավ գնահատականները»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։

Վերջինս մեզ հետ զրույցում նաև նշեց, որ տնօրեն Տաթևիկ Մելքոնյանը իրենց ասել է, որ շենքային պայմաններ չկան և այդ պատճառով էլ չեն կարող դասասենյակներ ավելացնել, քանի որ հիմա էլ դպրոցականները դասասենյակներում նստելու են գրատախտակից 10 սմ հեռավորության վրա և դասասենյակում 1 աշակերտի համար էլ չեն կարող դասասեղան ավելացնել։ Դպրոցից նաև ասել են, որ եթե նախընտրելի դպրոցը դա է, ապա կարող են այլ դպրոց դիմել և հետո դպրոցում տեղ ազատվելու դեպքում էլ կարող են երեխային հետ բերել նախընտրելի դպրոց։

Քաղաքացու խոսքով՝ չեն պատրաստվում հետևել հորդորին, քանի որ խուսափում են ավելորդ քաշքշուկներից, որովհետև դպրոցը գտնվում է հենց թաղամասում և այլ դպրոցները բավականին հեռու են տանից։

ArmLur.am-ը այս հարցով կապ հաստատեց ԿԳՄՍՆ-ի հետ։

ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ հնարավոր է լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը սպառվել են և այդ իսկ պատճառով էլ դպրոցից ասել են, որ չեն կարող ընդունել երեխային, քանի որ դա մրցակցություն է՝ առաջին դասարանցիների սկզբունքով։

ԿԳՄՍՆ-ից նաև ասացին, որ դպրոցի սխալմունքն է նախապես երեխայի տվյալները վերցնելը, երբ վկայականը դեռ չկա։

«Եթե 10 երեխա կա ու 2 տեղ, ինչո՞ւ են այդ երեխայի տվյալները վերցնում։ Հնարավոր է, որ այդ երեխան տեսականորեն անբավարար գնահատական ուներ և չէր կարողանում վկայական ստանալ և բերել։ Այս փաստն ուսումնասիրություն է ենթադրում։ Այստեղ ժամկետի խնդիր չկա, կա լիցենզիայով սահմանված տեղերը լրացնելու խնդիր»,-ArmLur.am-ին ասացին ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍՆ-ից նաև հայտնեցին, որ «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոցում» կա 500-600 տեղ, որից 572-ը փաստացի լրացված է, ըստ ԿԳՄՍՆ-ի կայքի, սակայն հնարավոր է, որ բոլոր տվյալները լրացված չեն, որը պետք է պարզել հենց դպրոցից։

Փորձեցինք այս հարցի շուրջ կապ հաստատել Երևանի «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ՝ պարզելու՝ կա՞ն արդյոք 10-րդ դասարանում թափուր տեղեր, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ավելի ուշ մեզ հետ կապվեց դպրոցի փոխտնօրեն Գոհար Գևորգյանը, որը մեզ խոստացավ մեր հարցերին պատասխանել մի փոքր ուշ։ Փոխտնօրենի հետ կապվելուց հետո՝ ArmLur.am-ը կհայտնի մանրամասները։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս