Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նոր համաձայնագրով առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագրով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից կանոնադրությանը համապատասխան և պաշտոնում հաստատվում է լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։ Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ռեկտորի և որպես գործատու հանդես եկող ու համալսարանի հիմնադիրների անունից գործող հայկական կողմից լիազորված մարմնի միջև կնքված աշխատանքային պայմանագրով: Որպես լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը:
Նոր համաձայնագրով հստակ ձևակերպված են համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները: