Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:
Երևանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի:
Թիմային հաշվարկում Երևանի պետական համալսարանը գրավել է պատվավոր 8-րդ տեղը։
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ օլիմպիադային տրված 10 խնդիրներից երկուսը կազմվել և առաջադրվել էին Տիգրան Հակոբյանի և Կարեն Քեռյանի կողմից։