Կուրսկի իշխանությունները հայտնել են «շատ լարված» իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Կուրսկի մարզի Բելայայի շրջանում իրավիճակը լարված է, իշխանությունները բնակչությանը կամավոր տարհանման կոչ են արել։ Այս մասին Telegram-ում գրել է շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։

«Իրավիճակը շատ լարված է։ Բոլոր նրանց, ովքեր կարող են ինքնուրույն ժամանել Դոլգիե Բուդի գյուղի գյուղխորհրդի հավաքման կետ կամ Օգոյանի շրջանի Բուշմենո գյուղ, կտրամադրվեն ավտոբուսներ։ Բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել են տարածքում՝ խնդրում ենք բոլոր բնակիչներին լքել շրջանը», – գրել է նա։

Օգոստոսի 11-ին Վոլոբուևը Telegram-ում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ շրջանում գործում է Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն խումբը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ կանխվել է Բելայայի շրջան ուկրաինական ուժերի ներթափանցման փորձը։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ գիշերը Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերի երկնքում խոցվել է ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք։ Իր հերթին Ռոստովի նահանգապետը հայտնել է մարզի երկնքում 4 ԱԹՍ-ի խոցման մասին։

Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող մարտերի ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ այնտեղ գործողություններ են իրականացնում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 10-ի իր տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևը «պատերազմը տեղափոխում է ագրեսորի տարածք»։

 




Լրահոս