Իրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու Իսրայելից վրեժ լուծելու համար. Քանանին՝ «եվրաեռյակի» հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի՝ օգտագործելու ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կոչը Իսլամական Հանրապետությանը՝ զերծ մնալ Իսրայելին պատասխան տալուց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է պաշտպանելու ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանային կայունությանը և զսպող մեխանիզմ ստեղծելու ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի դեմ տարածաշրջանում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր անօտարելի իրավունքներից օգտվելու համար»,- ասել է Քանանին:

Դիվանագետի խոսքով՝ եվրոպական եռյակը «հայտարարության մեջ, որը ոչ մի կաթիլ առարկություն չի պարունակում Սիոնիստական ռեժիմի միջազգային հանցագործությունների վերաբերյալ (նկատի ունի Իսրայելին), լկտիաբար պահանջում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան և զսպիչ միջոցներ չձեռնարկի մի ռեժիմի դեմ, որը խախտում է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

«Եթե այս երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապա նրանք պետք է առանց որևէ վերապահումների ընդդիմանան Իսրայելի ռեժիմի սադրանքներին և հակամարտությունների հրահրմանը և անմիջապես դադարեցնեն պատերազմը Գազայի հատվածի դեմ և վերջ դնեն կանանց, երեխաների և անպաշտպան պաղեստինցիներւ սարսափելի սպանություններին»,- ասել է Քանանին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իրանին և նրա դաշնակիցներին «ձեռնպահ մնալ հարձակումներից, որոնք կարող են ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և վտանգել զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հնարավորությունը»:




Լրահոս