ԵՐԵՎԱՆԻ ՍԽԱԼ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ։

 

Դեռ ամիսներ առաջ, երբ երեւանյան փողոցներում կային հին եւ հաստաբուն ծառեր, Մնացականյանը բացատրել էր, թե ինչ վնասներ կարող է հասցվել, եթե  դրանք փոխարինվեն ավելի երիտասարդ ծառերով։

Վիկտոր Մնացականյանը նաեւ անդրադարձավ մի քանի այլ քաղաքային խնդիրների, ինչպիսիք են երեւանյան մայթեզրերը, հետիոտների համար նախատեսված անցումները, արտաքին գովազդները։

Հավելենք նաեւ, որ Վիկտոր Մնացականյանն իր խոսքում նշեց, որ ամենակարեւորն է նախապատմությունը տալ հետիոտնին, քանի որ մայթեզրերը նույնպես  խնդիրներ են ներկայացնում։

Մասնավորապես՝ ստորեւ:

-Քրեական օրենսգրքում եւ տարբեր նորմատիվ ակտերում մենք ունենք ծառերի էտման վերաբերյալ հստակ կանոններ, որոնց հետեւելով է միայն օրինական ծառերի էտումը կամ փոխարինումը, իսկ այն, ինչ արվեց քաղաքապետարանի կողմից, ոչ թե «ծառերի փոխարինում» էր, այլ բարբարոսություն: Տարիներ առաջ մենք  իրականացրինք ծառերի էտում, Աբովյան փողոցում հատկապես բողոքներ հնչեցին դրա վերաբերյալ, բայց մենք ստիպված էինք անել այդ գործողությունը, քանի որ մոտավորապես 8 տարի, թեպետ գումարներ էին դուրս գրվել, սակայն այդ ծառերը չէին էտվել: Նշեմ, որ բավականին բարդ մասնագիտություն է ծառերի էտումը. այն կոչվում է արբորիստիկա, Երեւանի կանաչապատման ՀՈԱԿ-ում չկա գեթ մեկ լիցենզավորված արբորիստ, այսինքն՝ ծառը կարող է էտել հող հնձող մասնագետը, մի բանվոր, որի ֆիզիկական տվյալները համապատասխանում են այդ գործին, սղոցավարները, այսինքն՝ դրանով չի զբաղվում մասնագետը: Այս բարձիթողի վերաբերմունքի պատճառով մենք կորցրինք բազմաթիվ թեղիներ, իսկ տվյալ հարցերով զբաղվելու փոխարեն քաղաքապետարանը նոր մեքենաներ գնելով էր զբաղված: Հուդայածառը վատ ծառ չէ, սակայն պարտեզային ծառ է. նրանք ի սկզբանե սխալ մոտեցան ծառերի տնկման հարցին: Կտորի մեջ փաթաթված բերեցին այն, ինչը անթույլատրելի է, գազոնների տեղադրումը նույնպես ոչ գրագետ կերպով է արվել: Կեսօրին՝ ժամը հատկապես 2-ին, 3-ին, որեւէ զով, ստվերային տեղ հնարավոր չէ գտնել քաղաքում, դա նույնպես ծառերի սխալ տնկման հետեւանք է, քանի որ նախկինում ստվերը շուրջ 70 տոկոսով ծածկում էր մայթեզրը, իսկ այժմ հազիվ 4 տոկոս է փակվում ծառերի միջոցով:

Քաղաքը անտեսված է նաեւ շենքերի բակերի, դրանց հարակից տարածքների խնամքով զբաղվելու տեսանկյունից, Երեւանի գեղեցկությունը կորչում է փողոցների տարբեր անկյուններում դրված սարքավորումների, գովազդային պաստառների պատճառով: Միայն ծաատունկերով չէ, որ քաղաքը իր գեղեցկությունը կվերագտնի: Քաղաքի տեսքն աղճատում են տգեղ գովազդային վահանակները, որոնք փակում են  հին Երեւանի գեղեցիկ շենքերը, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնի շենքը կամ Կարապի լճի հարակից տարածքները, մեծ խնդիրներ են նաեւ պատմական շենքերի վրա դրված վահանակները, արեւային պանելները: Ամեն խաչմերուկում ագրեսիվ գույներով գումարային սարքավորումները… եւ, ըստ իս ամենակարեւորը՝ մենք հարգանք չունենք մեր մայթեզրերի հանդեպ: Այս պահին, որպես քաղաքային կարեւոր էլեմենտ, մայթերն են. դրանք Երեւանի  ամենակաւերոր կոսմետիկ տարրերն են, որոնք անտեսված են:

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ՝ ԲԱՔՈՒ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 18-ին մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Բաքու:

Ի սկզբանե այցը հայտարարվել է որպես պաշտոնական՝ աշխատանքային այց, սակայն ավելի ուշ նշվեց, որ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ընդունելություն կկազմակերպի «Գյուլիստան» պալատում:

Երկու երկրներն էլ պետական մակարդակով նշել են, որ այցելությունը նպատակ ունի քննարկել երկու պետությունների հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում:

Թե՛ Կրեմլը, թե՛ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նշել են, որ այցի առանցքային հարցերից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ լոգիստիկ ուղիների կարգավորման հիմնահարցերը:

Պուտինին Բաքվի օդանավակայանում դիմավորեցին Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էուբովը եւ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլողլուն: Ավելի ուշ՝ պետական դիմավորման արարողությունից հետո, Պուտինն ընթրել է Ադրբեջանի նախագահի եւ առաջին տիկնոջ հետ:

Հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ իրենց խոսակցության մասին կտեղեկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից: Ավելի քան ակնհայտ է, որ տարածաշրջանի գերտերություն հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, եւ այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որում այսօր գտնվում է տարածաշրջանը, թուրքական գործոնը ծանրակշիռ ազդեցություն ունի, որի հետ պետք է հաշվի նստել:

Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում ՀՀ իշխանությունը… Երկրի առաջին դեմքը հեծանիվ է քշում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բաքվում հայտարարել են, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացի համար Ադրբեջանը բաց է, իսկ Ռուսաստանը՝ նման բանակցությունների համար, միշտ էլ ընդունելի հարթակ է եղել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն բաց է «բանակցային գործընթացի համար: «Այդ նպատակով մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձեւաչափ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Միաժամանակ երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել»։

Միժամանակ, ադրբեջանցի նախարարը Երեւանի նկատմամբ հետագա պահանջներ է հնչեցրել։

Ըստ նրա՝ «Ադրբեջանն նպատակաուղղված է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն Երեւանի բոլոր «անհիմն պահանջները» պետք է վերացվեն ոչ թե խոսքերով, այլ «իրավական հիմնավորված ձեւով»։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք լիովին հավատարիմ ենք այն գծին, որ բոլոր այն անհիմն պահանջները, բոլոր այն անհիմն դիրքորոշումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերացվեն: Եվ դա չպետք է տեղի ունենա հայտարարությունների եւ հռչակագրերի մակարդակով, այլ պետք է արտացոլվի իրավական հիմնավորված ձեւով»,- ասել է Բայրամովը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջեւ տարածքային խնդրին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

 

 

«ԱՆՀԻՄՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ». ԲԱՅՐԱՄՈՎ

Բաքուն նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը նպատակաուղղված է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայկական կողմի անհիմն պահանջները պետք է վերացվեն ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ իրավաբանորեն», – ասել է նա։

 

ԻՐԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները բարեկամական եւ կառուցողական են։ Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

«Իրանը եւ Հայաստանն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։ Այս երկու երկրները կարեւորում են տարածաշրջանում եւ սահմաններում կայունության եւ անվտանգության հաստատումը»,-ասել է նա։

Հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին՝ Քանանին նշել է, որ որեւէ փաստական տեղեկություն չունի այդ մասին եւ հրապարակված լուրերի հիման վրա չի կարող մեկնաբանել։

 

ԱՐՑԱԽԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էին, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:

Բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում` մարտական պատրաստությունից մինչեւ սովորական կենցաղի ապահովում:

Այս ամենից ուղիղ մեկ ամիս անց, երբ ողջ Արցախն ու հատկապես երկրի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ստորաբաժանումներն ամբողջությամբ հյուծվեցին, Ադրբեջանն անցավ ռազմական գործողությունների:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարիչն այդ օրերին ֆիզիկապես հեծանվավազքով չէր զբաղված, սակայն պետության իրադրային արձագանքն առանձնապես չէր տարբերվում այսօր դրսեւորած վարքագծից:

ՀՀ իշխանական վերնախավն ընդհանուր գծերով գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց, այլ Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ որեւէ ձեւով արձագանքելու Արցախի նկատմամբ գործողություններին», – գրել է նա:

 




Լրահոս