ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Արեւմտյան Նեղոսի վարակն ու տենդը. ի՞նչ է դա, ինչպե՞ս է փոխանցվում եւ դրսեւորվում, ո՞վքեր են լինում վարակակիրները եւ ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել վարակը մարդու օրգանիզմի, առողջության եւ կյանքի վրա:

 

WNV տեսակի վարակի հիմնական կրողներն ու տարածողները մոծակներն ու թռչուններն են՝ այդ խմբի մի շարք ներկայացուցիչներ: Այն հատկապես արդյունավետ է տարածվում հիգիենայի բացակայության եւ աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում:

Մոծակներից վարակը տարածվում է հիմնականում Culex խմբի մոծակների միջոցով, իսկ շատ հազվադեպ՝ նաեւ տիզերի: WNV տեսակի վարակը տարածվում է կաթնասունների խմբի 30 տեսակի շրջանում, այդ թվում՝ մարդկանց, ձիերի, շների եւ կատուների շրջանում: Հիվանդությունը դրսեւորվում է մարդկանց եւ ձիերի դեպքում, իսկ կատուներն ու շները հազվադեպ են հիվանդանում: Սողունները եւ երկկենցաղները նույնպես կարող են վարակվել, այդ թվում՝ կոկորդիլոսների, ալիգատորների, օձերի, մողեսների եւ գորտերի որոշ տեսակներ: Կաթնասունները, սակայն, համարվում են վարակի փակուղային կրողներ, որոնք իրենց օրգանիզմում զարգացնում են վարակը եւ այն փոխանցում՝ մոծակների միջոցով: Մարդկանց դեպքում փոխանցումը կարող է լինել նաեւ արյան միջոցով: Մարդկանց շրջանում վարակակիրների 80 տոկոսի մոտ Արեւմտյան Նեղոսի տենդը թույլ արտահայտված է լինում, ախտանիշները լինում են կամ շատ թույլ արտահայտված, կամ բացակայում են: Վարակակիրների մոտ 20 տոկոսի շրջանում առաջանում է ջերմություն, գլխացավ, փսխում, ցան, մարմնի ցավեր, իսկ 1 տոկոսի դեպքում այն ծանր դրսեւորումներ է ունենում՝ առաջացնելով մենինգիտ կամ էնցեֆալիտ: Նման դեպքերում առողջացման գործընթացը կարող է տեւել ընդհուպ ամիսներ, իսկ այն հիվանդների մոտ, որոնց դեպքում ախտահարված է նյարդային համակարգը, մահացության ցուցանիշը կազմում է 10 տոկոս: Մարդկանց շրջանում վարակի տարածման տարբերակներից մեկը վարակակիր մոծակների խայթոցն է, որոնք սնվում ե վարակը կրող թռչուններով: Հազվադեպ՝ վարակը փոխանցվում է արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման կամ հղի կնոջից պտղին անցման միջոցով, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ժամանակ, հակառակ դեպքում այն ուղղակիորեն չի տարածվում մարդկանց միջեւ եւ չի կրում օդակաթիլային ճանապարհով փոխանցման բնույթ: Տենդը ծանր բնույթ է կրում 60 տարեկանից բարձր խմբի մարդկանց, ինչպես նաեւ հարակից հիվանդություններ ունեցող անձանց շրջանում՝ ինչպիսիք են քաղցկեղի կրողները, շաքարային դիաբետ եւ այլ հիվանդություններ կրող անձինք: Վարակի տարածումը կանխելու համար նախատեսված պատվաստանյութ մարդկանց համար գոյություն չունի, ինչպես նաեւ հատուկ բուժում. պետք է օգտագործել ցավազրկողներ եւ ջերմիջեցնողներ: Վարակման վտանգը նվազեցնելու լավագույն միջոցը մոծակների խայթոցից խուսափելն է. իսկ մոծակների խայթոցից խուսափելու համար պետք է պայքարել աղտոտվածության դեմ, ազատվել ջրային կուտակումներից՝ ճահիճներ, աղտոտված ամբարներ եւ լճակներ, պատուհաններին ցանցե պատնեշներ դնել եւ այլն: Վիրուսը հայտնաբերվել է Ուգանդայում 1937 թվականին եւ երկրից դուրս առաջին վարակակրի մասին հայտարարվել է Հյուսիսային Ամերիկայում 1999 թվականին։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՈՒՐ ԳՆԱԼ ԵՎ ԻՆՉ ԱՐԺԵՔՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼ

Վերջին տասնամյակում Հայաստանից դեպի Հունաստան չվերթների քանակն ավելացել է, ինչը պայմանավորված է այցագրի համեմատաբար հեշտ տրամադրմամբ:

 

Հունաստանը շենգեն այցագրային գոտու այն երկրներից է, որն անհամեմատ հեշտ է այցագիր տրամադրում ՀՀ քաղաքացիներին:

Եթե ամռան վերջին օրերին ցանկանում եք Հունաստան հանգստի մեկնել, սակայն նախապես ոչինչ չեք կազմակերպել, ապա այս պահի դրությամբ Երեւան-Աթենք-Երեւան օդանավային տոմսերի արժեքը սկսվում է 160 հազար ՀՀ դրամից:

Եթե ցանկանում եք կացության համար հյուրանոց ամրագրել հենց Աթենքում, ապա պետք է մեկ գիշերվա համար նախատեսել 25-ից 60 հազար ՀՀ դրամ: Իհարկե կարելի է եւ ավելի թանկարժեք հյուրանոցներում գիշերել, եթե այդ հնարավորությունն ունեք: Բնակարանի վարձակալության համար մեկ գիշերվա համար նախատեսված արժեքը տատանվում է 25-ից 100 հազարի միջեւ:

Եթե ցանկանում եք հանգիստը վայելել հունական կղզիներում, ապա պետք է վճարել նաեւ ներքին չվերթների համար, որոնք տատանվում են 20-ից 50 հազարի միջեւ: Այստեղ կեցության համար ավելի շատ գումար պիտի նախատեսեք: Հնարավոր է գտնել նաեւ բյուջետային տարբերակներ, սակայն լավ հյուրանոցների մեծ մասում մեկ գիշերվա համար արժեքը սկսվում է 50 հազար դրամից:

Եթե մեկնում եք Հունաստան, ապա չմոռանաք անպայման այցելել երկրի դեմքը հանդիսացող պատմամշակութային վայրեր: Նախընտրելի է նախապես ամրագրել մուտքի տոմսերն ու գնել՝ առանց հերթի ներս մտնելու տարբերակով: Այստեղ պետք է անպայման տեսնել Կրոպոլիսը, Ակրոպոլիսի թանգարանը, Պանթեոնը, ձիթենու եւ նարնջի այգիներն ու բազմաթիվ արժեքավոր այլ վայրեր:

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԷՐ

Մայիսի 26-ին վարարած Աղստեւը վնասել է Խաշթառակ եւ Լուսահովիտ գյուղերը միջպետական ավտոճանապարհին կապող կամուրջը. այն փակվել է երթեւեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքեւ կառուցվել է ժամանակավոր կամուրջ, որը հուլիսին վարարած Աղստեւը քանդել է։ Օգոստոսի 6-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցումներ ենք արել՝ ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն գումարով էր կառուցել Խաշթառակի ժամանակավոր կամուրջը, ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն ֆինանսավորմամբ, ե՞րբ է նորոգելու Խաշթառակի ժամանակավոր կամուրջը։ Արդյոք նախատեսվո՞ւմ է վերանորոգել Խաշթառակի հիմնական կամուրջը։ Օգոստոսի 14-ին մարզպետարանից պատասխանել են? «Խաշթառակի ժամանակավոր կամուրջը կառուցվում է  «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ի կողմից եւ գտնվում է ավարտական փուլում: Ներկա պահին մեր կողմից ֆինանսական միջոցներ դեռեւս չեն հատկացվել: Առաջիկա ծրագրերում նախատեսվում է Խաշթառակի հիմնական կամրջի փոխարեն կառուցել նոր կամուրջ»: Մարզպետն անտեղյակ էր, որ վերանորոգված Խաշթառակի ժամանակավոր կամուրջն օգոստոսի 6-ից գործում է։

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ

Կիրանցից տեղեկացանք, որ 11 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենիքի տարածքները պաշտպանելու ժամանակ, հրաժարվել են սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված, կադաստրի վկայականներով իրենց պատկանող հողի, գույքի համար պետբյուջեից փոխհատուցում ստանալուց։ Պետական բյուջեից մեծ գումարներ են տրվել նրանց, ովքեր համաձայնել են գործարքին։ Գյուղացիների վկայությամբ՝ որպես խանութ ծառայած վագոն-տնակի համար վճարել են 18 միլիոն դրամ, ավտովերանորոգման ոչ մեծ արհեստանոցի տարածքի համար՝ 28 միլիոն դրամ։ Գյուղի տների, հողերի համար ավելի մեծ գումարներ են տրվել։ Կիրանցի մի բնակչի առաջարկել են 270 միլիոն դրամ, սակայն նա հրաժարվել է։ Գյուղի բնակիչները ասացին, որ հետո այդ մարդուն հրավիրել են Երեւան, քննչական կոմիտե, որտեղ տղամարդուն ասել են, որ ինքը եւ իր որդին դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին, կարող են քրեական գործ հարուցել, սակայն  կիրանցեցին չի վախեցել քրեական հետապնդումից, չի գնացել գործարքի։ Կիրանցի տարածքները Ադրբեջանում հանձնելուց հետո՝ հերոսական Կիրանցում տրամադրություն է փոխվել։ Ամեն տարի օգոստոսի 1-ին մեծ շուքով նշվում է Կիրանցի տոնը։ Այս տարի գյուղի տոնը անշուք է անցել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք հղել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից Կիրանցի բնակիչներին փոխհատուցման գումարների չափի մասին, մարզպետարանից պատասխանել են, որ այդ տեղեկությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս