Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ ԿԳՄՍՆ շնորհակալագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունից։

«Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել է ծննդյան 50-ամյակը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դարպասապահին հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին նվիրած տարիների, գործադրած ջանքերի և նվիրումի համար:

«Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկն ու Ձեր հուսալի խաղով բազմիցս նպաստել եք մեր հաղթանակների կայացմանը: Ֆուտբոլասերների կողմից արժանիորեն վայելել եք մեծ սեր, ու այդպես կլինի միշտ»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ դիմելով Ռոման Բերեզովսկուն:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել՝ միշտ հպարտությամբ է կրել Ազգային թիմի մարզաշապիկն ու պաշտպանել մեր երկրի պատիվը, այժմ էլ հայկական ֆուտբոլին իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է՝ որպես Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ:

Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականում Ռոման Բերեզովսկու նորամուտը կայացել է 1996 թվականի օգոստոսի 31-ին աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Բերեզովսկուն հաջողվել է դարպասն անառիկ պահել և օգնել մեր ընտրանուն ոչ-ոքի խաղալ։ Ընդհանուր առմամբ, Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 խաղ, ինչը ռեկորդային է Հայաստանի հավաքականի դարպասապահների շրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս