ՓՈՐՁՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին եւ որ այն «Ադրբեջանի բազմամշակութային եւ ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»: Այս մասին հոդված է հրապարակել Monument Watch-ը:

 

«Հանրահայտ է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է եւ որ այն ստեղծվել է որպես նշան եւ խորհուրդ երկրամասի հայ ինքնության: Ավանդական կեցվածքով եւ արտաքինով տարեց ամուսնական զույգը հավաստումն էր արցախահայերի պատմական անցյալի եւ ապագա հույսերի: Հույսեր, որ այսօր ի դերեւ են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականության արդյունքում: Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետեւյալ կերպ. «Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սեւեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի, բայց կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, եւ նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ»:

Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթե չէր անդրադառնում այս հուշարձանին: Հուշարձանին, որն Արցախի հայության ամենավառ ու հանրահայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում եւ «չէին նկատում» օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատվականներում հնչեցվում էին կարծիքներ, որ այն պետք է քանդել:

2023 թվականին վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ հուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թեզը, որ դեմ են ոչ թե հուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանությանը»:

Վերջերս հատուկ այս հուշարձանին անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտը լուսաբանող Քյամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային Ադրբեջանի բյուջեից հատկացված գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է:

Այս շեշտադրումները կարեւոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է հուշարձանը յուրացնելու գործընթաց, որտեղ երեւում են հուշարձանին վերաբերող թեզերը՝ այն կառուցված է Բաքվի գումարներով, այն ադրբեջանական է եւ ցուցում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը խորհրդային տարիներին:

Հուշարձանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ժառանգության յուրացման փորձ է, երբ ոչ միայն կտրվում է հայկական պատկանելությունից, այլեւ Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային եւ հանդուրժող երկրի կերպար։ Այսպիսի քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ 2005 թ. Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիան»,-մասնավորապես գրված է հոդվածում:

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ԴԱՍԱԿԱՆԻՆ

«Նյու Ջեներեյշն» փրոջեքթի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ եւ յուրօրինակ նախագիծ: Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ՎԻՎԱԼԴԻԻ հայտնի գլուխգործոց «Տարվա եղանակները» նորարարական լուծումներով, DJ ռեմիքսով՝ Նյու Ջեներեյշն նվագախմբի մասնակցությամբ։

 

Այս նախագծի նպատակը դասական ու սիրված ստեղծագործության միախառնումն է գերժամանակակից տեխնոլոգիաների հետ: Այս նոր մոտեցումը կսիրվի ինչպես արդեն փորձառու մասնագետների, այնպես էլ դասական արվեստին ոչ այդքան մոտ հանդիսատեսի կողմից։ Համերգի ընթացքում, ինչպես նաեւ համերգից առաջ համերգասրահի ճեմասրահում շքեղ լուսային լուծումները կուղեկցվեն տպավորիչ ռիթմերով։ Նախագծի կարեւոր նպատակներից է նաեւ երիտասարդներին ավելի մոտեցնելը դասական արվեստին։

Նախագիծն ունի շարունակական բնույթ, առաջիկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսվում են VIVALDI DJ, Aram Khachaturian DJ, Arno Babajayan DJ, Mozart DJ եւ այլ նախագծեր:

Համերգին մասնակցում են՝

. Beatbox հայկական ասոցիացիայի ղեկավար՝ Բագրատ Տերտերյանը /DJ BeatMan/,

. կոմպոզիտոր, գործիքավորող, երգահան, դաշնակահար Արման Պեշտմալջյանը,

. ջութակահար՝ Էրիկ Մանուկյանը /մենակատար/, ինչպես նաեւ «Նյու Ջեներեյշն» նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Գասպարյան:

Հանդիսատեսին սպասվում է բացառիկ համերգ՝ լի վառ ու հիշվող զգացողություններով:

 

 

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի ամառային Պարալիմպիկ խաղերին:

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա:

Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) եւ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):

Թիմը Ֆրանսիա է մեկնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

 

ՀԱՅԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ,60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում ավարտված Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել եւ պայքարել բրոնզե մեդալի համար:

Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:

Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար պայքարել են նաեւ 45 կգ քաշային Մհեր Հակոբյանն ու 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, սակայն զիջել են մրցակիցներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված էին նաեւ Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ) եւ Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ էին նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին եւ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) եւ Նարեկ Գրիգորյանը (65 կգ):

Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը 576 ըմբիշ է մասնակցել:

 

 




Լրահոս