«ԶԱՎԹԵԼ» Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՆՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ )աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության եւ բնակարանաշինության ոլորտում: 100% բաժնեմասով նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն այս պահին իրականացնում է Երեւանում գտնվող 14 եւ Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։

 

Բացի սրանից՝ արտոնյալ հարկատու հանդիսացող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ակտիվորեն զբաղվում է հանքարդյունաբերությամբ՝ մասնավորապես արտադրելով բետոն, բազալտի խճաքար, գետի խճաքար, գետի ավազ, գետի ավազ՝ լվացված, պերլիտային ավազ, լիթոիդային պեմզա, հրաբխային խարամ, կրաքար։ Այսինքն՝ ինքնաբավ շինարարության համար գրեթե ամեն ինչ. սպառողին է մատուցում 9 տեսակի արտադրանք։ Թվում է, թե կատարյալ աշխատող ընկերություն է, սակայն ՍՊԸ-ն մի քանի անգամ ազատվել է մաքսատուրքից: 2018 թվականի հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն։

Ոլորտը մենաշնորհ դարձրած ՍՊԸ-ն այնպես է ֆինանսները շրջանառում, որ, ըստ որոշ տեղեկությունների, բնակելի համալիրների կառուցման համար բացառապես իր կողմից արտադրած հանքանյութն ու քարերն է օգտագործում։

Նախկին պաշտոնյան շարունակում է մնալ իշխանության սերտ օղակը՝ վերջինիս կողմից պարբերաբար արժանանալով հաճոյանքի եւ գովեստի, սակայն Երեւանում օդի աղտոտվածության, փոշու, կեղտի պատճառը հաճախ հենց շինհրապարակներում նորմերին անամապատասխան պայմաններով իրականացվող շինաշխատանքներն են, երբ մի ընկերության կողմից 14 բնակելի համալիր է կառուցվում, իսկ փոշին եւ կեղտը շնչում են հասարակ քաղաքացին, երեխան։

Հավելենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց, ի թիվս այլ կազմակերպությունների, նաեւ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ առաջացած աղմկահարույց դեպքերին եւ դատական գործընթացներին:

Օրինակ՝ դեռեւս անցյալ տարի «Ժողովուրդ» օրաթերթը նշել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել էր դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով, որ 20.06.2023 թ. թիվ 1112-Ա հրամանը վերացնի եւ բարենպաստ վարչական ակտ կայացնի ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիու պեռլիտային ավազների հանքավայրի հարավ-արեւմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տալու մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ Ա. ԿՆՅԱԶՅԱՆԸ

Նուբարաշենի բանտում մահացել է «հոկտեմբերի 27-ի» գործով մեղադրյալներից Աշոտ Կնյազյանը, որն առնչություն է ունեցել զենքերի ու ռազմամթերքի գործընթացը կազմակերպելու հետ: Ըստ նախնական վարկածի՝ նա սրտի կաթված է ստացել:

 

Հանցախմբի վկաները մահանում են. 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում ինքնասպան (կախվելու միջոցով) եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր:

2004 թվականին ավտովթարից մահացավ «հոկտեմբերի 27-ի» գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Նա ԱԺ արդեն նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:

2004 թվականի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ավտովթարից մահացավ նաեւ ԱԺ բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը. նա հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարեւորագույն վկաներից էր: Այն մարդն էր, որ հայտնել էր, թե դեպքի օրը Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում մի խումբ դիմակավորված անձանց է տեսել:

Գործով կարեւորագույն վկա, «Հանրային» հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին հենց իր տան շքամուտքում:

2014 թվականի մարտին ԱՄՆ-ում մահացավ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը։ Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։

2017 թվականին բանտում մահացավ Էդիկ Գրիգորյանը:

2024 թվականի օգոստոսի 26-ին Նուբարաշենի բանտում մահացավ Աշոտ Կնյազյանը:

Փաստորեն, «հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2021 թվականին գրել էր. «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը եւ Արամ Սարգսյանը:

Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա կատարվել են բազմաթիվ առգրավումներ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Pink Berry-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Սաֆարյանը 23.08.2024 թվականին ազատ է արձակվել, քանի որ քննիչը կալանքի ժամկետի երկարեցման միջնորդություն չէր ներկայացրել: Սակայն նույն օրը քննիչը տնային կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է: Ներկայումս քննիչի կողմից կիրառվել է այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ եւ բացակայելու արգելք։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink Berry-ի սեփականատեր Լեւոն Սաֆարյանն օգոստոսի 23-ին, ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որեւէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լեւոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի որդին է։

Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը»:

 

ԻՆՉՆ Է ԵՂԵԼ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից «Ժողովուրդ»  օրաթերթին երեկ հայտնել էին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա.Կ.-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։

Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա.Կ.-ի կենսաբանական մահը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի նախնական վարկածի համաձայն՝ եղել է սրտի կաթված։

 

 

 




Լրահոս