Զբոսաշրջության ամառային սեզոնն ավարտված է, սակայն Հայաստանում զբոսաշրջության բում այս տարի ևս չեղավ։
Եթե նախորդ 2 տարիներին զբոսաշրջությամբ Հայաստան ժամանած քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից էր, այժմ այդ թիվը նվազել է․ նախկինում մինչև 500 հազար ՌԴ քաղաքացի էր գալիս Հայաստան, այժմ ՌԴ-ից Հայաստան եկողների թիվը ավելի է նվազել՝ դառնալով 395 հազար 688 մարդ։
ArmLur.am-ը նկատեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ, ինչը 14 հազար 206-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հարկ է նշել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ավելի շատ էին ժամանում, քան ամռան ամիսներին։
Ռուսաստանից հետո հաջորդը Վրաստանն է, որտեղից Հայաստան են գալիս զբոսաշրջության նպատակով։
Վրաստանից Հայաստան է եկել 126 հազար 927 մարդ, ապա հաջորդում է Իրանը՝ 69 հազար 252 մարդ, Հնդկաստանը՝ 24 հազար 949 մարդ, ԱՄՆ-ից՝ 17 հազար 42 մարդ և այլն։
Զբոսաշրջության նպատակով Հայաստան են գալիս անգամ Ֆիլիպիններից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Էմմա Միքայելյան