«ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն կունենա սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առեւտրի վայրերի, բենզալցակայանների եւ գազալցակայանների մուտք ու ելքին, կհետեւի հանրային վայրերի անցուդարձին։

 

Նախարարությունը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին եւ ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում եւ ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշում է՝ նախագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է, եւ հորդորում է ընդդիմությանը դիմել ՍԴ՝ նախագիծը հակասահամանդրական ճանաչելու համար։

-Պարո՛ն Եղիազարյան, անդրադառնալով կառավարության նոր նախագծին՝ պետք է նշել, որ այն ներքին գործերի նախարարությանը լիազորություններ կտա շուրջօրյա վերահսկողություն ունենալ հանրային վայրեր համարվող սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների եւ այլ հանրային վայրերի ելք ու մուտքերին: Դուք անդրադարձել էիք նախագծին եւ քննադատել այն: Ի՞նչ դիտարկումներ կանեք, քանզի սա, ըստ ամենայնի, առաջին հերթին մարդու իրավունքների խախտում է, բացի դրանից՝ լուրջ վնաս կարող է հասցնել տնտեսությանը:

-Կարծում եմ, որ այս նախագիծը շատ քիչ լուսաբանվեց եւ ինքս էլ պատահականորեն եմ իմացել այս նախագծի մասին: Այն բովանդակային առումով հակասահմանադրական է եւ համարում եմ՝ առաջինը հենց ՄԻՊ-ը պիտի անդրադառնար սրան, սակայն լռում է: Գիտենք, որ նա հիմնականում լռում է եւ զբաղված է իշխանական քարոզչությամբ: Այդ առումով ՄԻՊ-ի վրա հույս դնել հնարավոր չէ:

Կարծում եմ՝ այս մասին պիտի բարձրաձայնեին նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, որպեսզի այն հակասահմանադրական ճանաչվեր, ինչի համար պետք էր պատգամավորների թվի 1/5-ի ձայները:

Միգուցե բացակա են եղել այդ նիստին, բայց այս պահին տվյալ հարցը շատ լայն շերտերի է անդրադառնալու՝ բիզնեսից մինչեւ անձնական շփումներ: Այսինքն, երբ մենք հանդիպենք մեկի հետ սրճարանում, դա պետք է տեսագրվի, եւ չի բացառվում, որ մի օր էլ կարող է նաեւ ձայնագրվել, ինչը անձնական կյանքի իրավունքի ոտնահարում է: Բացի այդ, սա ոտնահարում է առեւտրային գաղտնիքի մասին օրենքը, որը նույնպես հակասահմանադրական է:

-Պարո՛ն Եղիազարյան, մասնագետները մեզ հետ զրույցում մտահոգություն են հայտնում, որ շատ հանգիստ նաեւ այլ պետություններ, այդ թվում՝ թշնամի պետություններ, կարող են հասանելիություն ունենալ այդ ձայնագրություններին՝ ցանցահենային հարձակումների միջոցով:

-Մանրամասնելով ասեմ, քանի որ 2020 թվականի պատերազմի ընթացքում Ազգային ժողովում էինք որպես պատգամավոր եւ ավելի շատ հասանելիություն ունեինք գաղտնի ինֆորմացիային, այդ ընթացքում մեր կողմը կոտրում էր ադրբեջանական տեսախցիկների ինֆորմացիոն դաշտը եւ տվյալներ տրամադրում համապատասխան մարմիններին: Տեղի էր ունենում նաեւ հակառակը:

Ես այն ժամանակ առաջարկում էի, որ զորամասերի եւ հիվանդանոցների մոտակայքում գտնվող բոլոր խանութների եւ բիզնես կետերի անձնական հսկողության տեսախցիկներն անջատվեն, քանի որ դրանցով մեզ հետեւում էին: Այս դեպքում մեր ողջ երկիրը դնում ենք տեսախցիկների աչքի առջեւ եւ «մատուցում» այլ պետությունների: Չի բացառվում, որ թշնամիներից բացի՝ այլ պետություններ նույնպես դա օգտագործեն, քանի որ այսօր ամենաթանկ բանը ինֆորմացիան է. եւ չենք կարող ասել, թե ինչպես կկիրառվի այդ տեղեկությունը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԻՐԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԳՆ

ՌԴ դեսպանին Իրանում կանչել են ԱԳՆ. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջեւանին։

Իրանը դեմ էր այն երթուղուն, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանին։ Այդ կապակցությամբ կայացել է Թեհրանում ՌԴ դեսպանի եւ Իրանի ԱԳՆ Եվրասիական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մուջթաբա Դեմիրչուլուի հանդիպումը։ Տեղեկությունը տարածել է Իրանի ԱԳՆ-ն։

Թեհրանում Ռուսաստանի դեսպանի հետ Դեմիրչուլուի հանդիպմանը բարձրացվել է կայուն խաղաղության երաշխավոր եւ տարածաշրջանում խաղաղության հիմք հանդիսացող երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ շահերը փոխադարձ հարգելու հարցը։

Դեմիրչուլուն նշել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանը, տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացմանը եւ դեմ է աշխարհաքաղաքական եւ միջազգային մակարդակով ճանաչված տարածաշրջանի սահմանների փոփոխմանը։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել կովկասյան գործընթացների, տարածաշրջանի երկրների խաղաղությանն ու կայունությանն աջակցելու, տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության զարգացմանն աջակցելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունների դեմ պայքարի շուրջ։

Կողմերն ընդգծել են նաեւ տարածաշրջանի երկրների հնարավորությունների օգտագործման կարեւորությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը եւ տնտեսական ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Քննարկվել են նաեւ «3+3» խորհրդակցական մեխանիզմի առաջիկա հանդիպումը եւ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԳՈՐԾՈՒՂՎԻԿԱՆԱԴԱ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանից սեպտեմբերի վերջին խորհրդարանական պատվիրակություն է մեկնելու Կանադա:

Պատվիրակությունը կգլխավորի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ից հաստատեցին, որ Կանադա այց նախատեսվում է առաջիկայում, սակայն օրերը եւ պատվիրակության կազմը դեռ հստակեցված չեն:

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՆՈՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ

Հաջորդ շաբաթ Երեւանի ավագանին աշնանային նստաշրջանի առաջին նիստը կհրավիրի:

Նիստը կգումարվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին:

Ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել՝ սեպտեմբերին ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւանի նոր հատակագիծը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին էլ խորհրդարանն է աշնանային նստաշրջանի առաջին նիստը գումարելու:

 

 

ԱԿՑԻԱՆԵՐ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ակցիաների շարք է սկսում՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» խորագրով։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտը թանկանալու է՝ 100 դրամից հասնելով 300 դրամի՝ 1 ուղեւորափոխադրման համար։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղեւորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։ Թոշակառուների եւ հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջին ակցիան կսկսի (խմբ.) սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։

 

 

ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ՝ ԻՐ ՔՐԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում, որպեսզի քաղաքական խնդիրներ տեսնեմ»։ Այս մասին երեկ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ իր աջակիցների կարծիքով՝ կատարվողը քաղաքական հետապնդում է, քանի որ իշխանությունն ուզում է հողեր հանձնել, մինչդեռ Առուշանյանը խանգարող հանգամանք է։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայության կողմից իրեն ազատազրկելու պահանջին իր գնահատականին՝  Առուշանյանը նշեց, որ կարծում է` իր արձագանքը սխալ է մեկնաբանվել։

«Հիմա էլ եմ ասում՝ պետական ցանկացած սուբյեկտի հանդեպ հարգանք ունեմ», -ասաց Առուշանյանը։

 

 

 




Լրահոս