«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է ավագանիում միանձնյա ղեկավարում իրականացնել և ձերբազատվել անդամներից։ Այս հարցում նրանց հերթական անգամ «օգնության է հասել» նաև «Հանրային ձայն»-ը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղվա ավագանու նիստի օրակարգում ընդդիմադիր 3 անդամների մանդատից զրկելու հարց է դրված։
Այսպիսով, ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու նախագիծ է բերել օրակարգ։
Մանդատից զրկելու հիմնավորում որպես բերվում է, որ նա մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից:
Ավագանու անկախ անդամներ Անույշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին մանդատից զրկելու հարցը նույնպես ավագանու օրակարգում է լինելու։ Նրանց հեռացնելու նախագիծ է ներկայացրել ընդդիմադիր հանդես եկող, բայց ՔՊ-ի ցանկությունները լուռ ու մունջ կատարող «Հանրային ձայն» խմբակցությունը, որի ցուցակով էլ նրանք ընտրվել էին:
Հիշեցնենք, որ 2024թ-ի փետրվարին էլ ավագանու 3 անդամներ՝ «Ազգային առաջընթաց»-ից Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանը և Սոնա Աղեկյանը զրկվեցին մանդատներից։
Քրիստինա Մուշեղյան