ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, քիչ առաջ ավագանու «Հանրային ձայն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների նախաձեռնությամբ ավագանու երեք անդամներ զրկվել են մանդատներից:

-Նախաձեռնությունները ավագանու տարբեր խմբակցությունների էին պատկանում, համատեղ նախաձեռնություն չի եղել:

-Միայն ավագանու մեկ անդամի դեպքում նախաձեռնող է եղել՝ «Հանրային ձայն» խմբակցությունը, իսկ մյուս երկուսի դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Ընդամենը ամիսներ առաջ, եթե ճիշտ եմ հիշում փետրվարին, կրկին նման նախադեպ եղավ եւ ավագանու անդամներ զրկվեցին իրենց մանդատներից: Տպավորություն է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է ձերբազատվել ընդդիմադիրներից: Անգամ Ազգային ժողովում նման գործելաոճ չենք տեսնում:

-Նախ նշեմ, որ Ազգային ժողովի մասով նույնպես ականատես ենք եղել նման քննարկումների, երբ ընդդիմադիր խմբակցությունները երկար ժամանակ բոյկոտում էին նիստերը եւ բացակայում էին, սակայն, ի վերջո, որոշում կայացվեց չկիրառել գործիքակազմը. այդ մասով Ազգային ժողովի մեր գործընկերները համապատասխան մեկնաբանություններ են տվել: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը, թե փորձում ենք «ձերբազատվել ընդդիմադիրներից», ապա նշեմ, որ տեսականորեն դա հնարավոր չէ, քանի որ, օրինակ, «Ազգային առաջընթացից»-ից կամ «Հանրային ձայն»-ից որեւէ անդամ մանդատից հրաժարվում կամ զրկվում է, ապա իրեն փոխարինում է հենց նույն ուժի ներկայացուցիչ մեկ այլ ընդդիմադիր ավագանու անդամ: Ավագանու անդամների հեռացման հիմքը իրենց բացակայությունն է՝ բուն ավագանու կամ հանձնաժողովի նիստից:

-Այսօր ավագանու՝ մանդատից զրկված անդամները նիստերին ներկա են եղել:

-Ճիշտ է ավագանու նիստերին՝ այո, սակայն հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել, ինչն էլ նշված էր զեկույցում: Նրանք նշում են, որ պետք է շրջայցեր անեն, հանդիպումներ ունենան: Դա ոչ ոք չի մերժում, թող ծանոթանան խնդիրներին, սակայն կա առնվազն երկու պարտականություն ինչն ավագանու անդամը, օրենքի համաձայն, պետք է անի. դա  ավագանու եւ հանձնաժողովի նիստերին մասնակցություն ունենալն է: Ի դեպ, դրանք ամսվա ընթացքում երկու օր են լինում. ավագանու նիստերի դեպքում՝ ամիսը մեկ ամբողջ օր, իսկ հանձնաժողովի նիստերը տեւում են առավելագույնը երեք-չորս ժամ: Եթե մարդն իր նվազագույն պարտականությունները չի կատարում եւ իրեն ասում են, որ պիտի լիազորությունները դադարեցվեն, ապա ումի՞ց է բողոքում: Օրենքը նշում է, որ այս երկու պարտականություններից որն էլ չի կատարվում՝ ապա հիմք է լիազորությունների դադարեցման համար: Մենք երկար քննարկում ենք այն հարցը՝ այս որոշումները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ, սակայն չենք քննարկում, թե ինչու չեն մասնակցում նիստերին. չէ՞ որ քաղաքացիները նրանց ընտրում են:

-Այսպես ստացվում է, որ ժողովրդի ձայները հաշվի չեն առվում եւ ավագանու անդամները զրկվում են իրենց մանդատներից: Այստեղ իրավունքների խախտում չե՞ք տեսնում:

-Ոչ, չեմ տեսնում, քանի որ դա նախատեսված է օրենքով, որն էլ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, որը նույնպես ժողովրդի կողմից ընտրված մարմին է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԵՎ ԼԻՆՈՒՄ ԵՆ

2018 թ. հոկտեմբերի 20-ին՝ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որեւէ ընտրություն կկեղծվի»:

 

Իրականում ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել:

Ընտրությունները կայանում են, իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում (ավագանին) կամ ճնշումների, խոչընդոտներ հարուցելու արդյունքում՝ կրկնակի ընտրություններ են նշանակվում, ինչպես եղավ Թալինում, Վեդիում, Սիսիանում եւ այլ վայրերում։ Եվ, ի վերջո, պարզապես խլում են համայնքապետի պաշտոնը, ինչպես տեղի ունեցավ Ալավերդիում եւ Գորիսում։

Հիշեցնենք նաեւ, որ ընտրակեղծիքները մերժող ՔՊ-ն կեղծել է անգամ իր՝ կուսակցության ներսում անցկացված ընտրությունների արդյունքները։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ 2022 թ. հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովը։ Ներկա 1060 պատվիրակներն ընտրել են վարչության 15-հոգանոց կազմ։ Հետո աղմուկ է բարձրացել, որ ՔՊ-ի ներսում քվեարկությունը կեղծվել է եւ տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ։ Արդյունքում, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ խորհրդանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, փաստորեն, կեղծիքով են ընտրվել վարչության կազմում։ Նրանք դուրս են մնացել, եւ նրանց փոխարեն վարչության կազմը համալրել են Արսեն Թորոսյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որոնց օգտին տրված ձայները կեղծվել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործել է ընտրակեղծարարների թիմ։ Իսկ ընտրակեղծիքների մասին առաջինը հայտնել էր հենց Արսեն Թորոսյանը եւ պահանջել վերահաշվարկ, որի արդյունքում էլ դարձել էր վարչության անդամ։

 

 

ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ.

«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանի երեկվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետեւյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:

Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը՝ 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք:

ՀԳ 1. Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:

ՀԳ 2. Ի դեպ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի եւ այլ երկրների խորհրդարանականների եւ խմբերի հետ»։

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

«Արդարադատության նախարարությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ օգտագործել էր սահմանի վերարտադրություն բառը, հրապարակավ հարցում էի ուղարկել՝ ի՞նչ է նշանակում սահմանի վերարտադրություն պատասխանել էին՝ փակ, գաղտնի նամակով»: Այս մասին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բովանդակության մասին չեմ ուզում խոսել, բայց այդ հարցը հանրայնացնելը…. Ես թերթել եմ օրենսդրությունը, չկա այդ բառը, դա գաղտնիքի բացահայտո՞ւմ է, թե՞ չէ, եւ ինչո՞ւ են ուղարկել փակ նամակով: Կա չափորոշիչ, թե ինչու էին մի պարզ հարցի պատասխանում փակ նամակով…»- ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Վերջինս նշեց, որ փոփոխությունները դեռ չեն գործում: «Այսինքն, այս պահին այդ կարգավորումները գոյություն չունեն օբյեկտիվորեն, հետեւաբար, ես ենթադրում եմ՝ պատասխան նամակի տեղեկությունները գաղտնիք են ենթադրել, դրա համար գաղտնագրել են», – նշեց ԱԱԾ փոխտնօրենը:

 




Լրահոս