«ՈՒԻԳՄՈՐ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: 2022 թվականի դեկտեմբեր ամսին Երեւան քաղաքում մեծ շուքով բացվեց «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը: Հիմնադրման օրվանից այս բժշկական կենտրոնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում առողջապահության նախարարությունը՝ շեփորահարելով այս կլինիկայի առավելությունների, բարձրակարգ լինելու մասին: 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ առանց նախնական հաշվարկներ անելու, առանց ռիսկերը փաստացի գնահատելու՝ առողջապահության նախարարությունը 2023 թվականի սկզբին 600 մլն դրամի պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այս բժշկական կենտրոնի հետ: Որպես կանոն՝ պետական պատվեր հիվանդանոցներին տրամադրվում է առնվազն մեկ տարի վճարովի սկզբունքով գործելուց հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հիվանդանոցը: Այսօրինակ ֆինանսավորում, ինչպիսին արվել է «Ուիգմոր»-ի դեպքում, ՀՀ առողջապահության համակարգում երբեք չի արձանագրվել, լիազոր մարմինը՝ պետական պատվեր տեղադրողը, շատ ավելի զգուշավոր է եղել ֆինանսների տրամադրման գործում: Մշտապես սպասել են, դիտարկել նորաբաց կլինիկաների աշխատանքը եւ նոր սկսել ֆինանսավորել, այն էլ՝ «Ուիգմոր Գրուփ»-ին հատկացված գումարից 20-30 անգամ պակաս չափով: Բայց հանրության, առողջապահության կառավարիչների, տարիների փորձ ունեցող բժիշկների որոշակի շրջանակում ձեւավորվել է կարծիք, որ այս կլինիկան Հայաստանում առանձնահատուկ է, պայմանները, վերանորոգումը, կահավորումը, դիզայնը չունեն իրենց հավասարը, եւ որ մրցակցելը նրա հետ շատ դժվար է, առավել եւս, եթե հավելենք, որ ճանաչված շատ բժիշկների են հրավիրել աշխատելու «Ուիգմոր Գրուփ»-ում. սակայն իրականությունը ամենեւին էլ այդքան վարդագույն եւ կատարյալ չէ: Բուժայցելուներից ոմանք, լինելով ավելի ուշադիր, դիտարկել են, թե իրականում ինչ վիճակ է տիրում հիվանդանոցում, եւ անգամ ներկայացվող «գերազանց պայմաններից» «Ժողովուրդ» օրաթերթին փաստեր են ներկայացրել (տեղադրում ենք «Ուիգմոր Գրուփ»-ի լավ վերանորոգված եւ կահավորված պայմանները): Լուսանկարներում դուք կարող եք տեսնել, թե նոր վերանորոգված, գովազդված հիվանդանոցում ինչպիսի խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, մանկական հիվանդասենյակի սանհանգույցում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին:  Հիվանդասենյակի մահճակալի վերեւի մասում եւս բաց լարերը հասանելի են երեխաներին…  Ստացվում է, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի համար տրված ձեւակերպումը՝ «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բացառիկ մշակույթ՝ ի նպաստ երեխաների ապահով եւ որակյալ բուժօգնության» միֆ է: Անգամ հիվանդանոցային տարրական անվտանգային պայմաններն ապահովված չեն, ու տեսչական որեւէ  մարմին ոչինչ չի անում բարձրակարգ հիվանդանոցը վերահսկելու, խախտումները բացահայտելու համար: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը գիտեն, որ առողջապահական ոլորտում «Ուիգմոր»-ը վայելում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորությունը, եւ նրա մայրը ինչ-ինչ առնչություն ունի այս հիվանդանոցին կամ դրա տարբեր մասնաշենքերի բացմանը:

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց, որ հանդիպումը կայացել է. «Նման քննարկումներ պարբերաբար լինում են, դա էլ եղել է հերթական հանդիպումը, որեւէ արտառոց բան չկա», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Ամենեւին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երեւույթն ինքնին տգեղ է, անընդունելի եւ վրեժխնդրություն հիշեցնող: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ոչ ոքի ձեռքից բիզնես չի խլվելու, նկատի ուներ՝ ոչ թե չի խլվելու, այլ այնպես է արվելու, որ տնտեսվարողը ստիպված իր բիզնեսի մի մասը նվիրի կառավարությանը։ 2021 թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի նոր բաժնետեր՝ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող  Ռոման Տրոցենկոն։ Պարզվեց, որ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Տեղեկացնենք, որ 2023 թվականի վերջին միլիարդատեր գործարար Ռոման Տրոցենկոն իր բաժնետոմսերի 69%-ը վաճառել է AEON Infrastructure Corporation հոլդինգային խմբում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան բիզնես դաշտ մտնելուց հետո, Տրոցենկոյին պատկանող ընկերության բոլոր անուղղակի բաժնետոմսերն օտարվել են Սվետլանա Էրշովային։ Մինչդեռ պարզ էր դարձել, որ Սվետլանա Էրշովան միշտ եղել է Ռոման Տրոցենկոյի կորպորացիաների անդամ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Այսինքն՝ չի բացառվում, որ ձեւական գործարք է եղել: Թվում է, որ ամեն բան կարգին է, սակայն Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունը հայտնվել է ռուս մագնատի ձեռքում եւ Եվրամիության պատժամիջոցների ցանկում է. այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»: Իսկ ՀՀ իշխանությունը լայն քայլերով գնում է դեպի Արեւմուտք, Եվրամիություն: Հետաքրքիր է՝ այս պայմաններում արդյոք ՀՀ-ին ԵՄ-ում սպասո՞ւմ են:

 




Լրահոս