ՈՎՔԵՐ ԷԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆԵԼ ՓՈՐՁՈՂ ԱՆՁԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով կալանավորված անձանցից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է՝ Սերոբ Գասպարյանը:

 

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ նրա որդին զոհվել են հանուն հայրենիքի մղված մարտերում։ Այս ցավալի եւ ողբերգական դեպքից հետո նրա եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին եւ խոսում՝ ընդդեմ իշխանության։

Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարցաքննությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես, նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, ստացել են վարձատրություն՝ յուրաքանչյուրն ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճար՝ Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններն ուսանելու։

Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը «մաքրելու» եւ «փրկելու» կոչեր:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորված են են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ բացահայտվել է իշխանությունը զավթելու դեպք, ինչի համար էլ կալանավորվել է 3 մարդ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՎ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ Երեւանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետեւանքով կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը, ով նույն օրը՝ ժամը 17:07-ին, տեղափոխվել է  Միքայելյան վիրաբուժության բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կրծքավանդակի թափանցող եւ հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում Երեւան քաղաքի Տոլբուխինի փողոցի տներից մեկի դիմացի ճանապարհամերձ հատվածում՝ գետնին, հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի 24 եւ 34-ամյա բնակիչներ են։

Երեւանի 31-ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Տոլբուխինի փողոցում նշված երկու տղամարդկանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 24 եւ 34-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով:

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին:

 

 

ՎԵՃ՝ ԲԱՆՏԱԽՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ից մինչ 20:00-ի սահմաններում, Արմավիր ՔԿՀ ի 2-րդ տեղամասի թիվ 76 խցում տեղի է ունեցել վեճ նույն խցակիցներ Ստեփանի՝ Ստյոպիկ մականվամբ, եւ Հովոյի՝ Ցիգան մականվամբ։ Վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Ցիգան մականունով կալանավորը դանակով հարվածել է իր խցակից Ստեփանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նրան շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում պահվող երկու դատապարտյալի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք ձախ ոտքի շրջանում։

Վնասվածք ստացած դատապարտյալին հերթապահ բուժքրոջ կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կանչվել է նաեւ շտապօգնություն, եւ դատապարտյալը տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն: Համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո՝ վերջինս նույն օրը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:

Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս