ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց (MoU) «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ՝ 2024թ.-ի Նորարարության եւ Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի` WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական հարցերի կանոնակարգման շուրջ համագործակցելու նպատակով։

 

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, եւ «ԷվենտՏուրա» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը ստորագրեցին հուշագիրը՝ հայտարարելով, որ կոնգրեսը համատեղ ջանքերով կկազմակերպվի բարձր մակարդակով՝ ապահովելով հյուրերի դրական փորձառությունը։

«Որպես լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպող կառույց, հրաշալի գիտակցում ենք կամավորների դերը նմանօրինակ միջոցառումների ընթացքում եւ նրանց ճիշտ ուղղորդման կարեւորությունը։ Այս համագործակցությամբ հանձն ենք առնում համակարգել WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական հարցերը՝ համատեղ ապահովելով բոլոր հյուրերի համար բացառիկ եւ դրական փորձառություն», – ասաց «ԷվենտՏուրա» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը։

Համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն կամավորների ներգրավման, պլանավորման եւ ուղղորդման աշխատանքներ ամբողջ միջոցառման ընթացքում՝ ներառելով հյուրերի գրանցման գործընթացի կազմակերպումը, հերթերի կառավարումը՝ ապահովելով ճշգրիտ ուղղորդում, տոմսերի QR-ների ստուգում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրում՝ օրակարգի եւ ելույթների ժամերի վերաբերյալ։

«Մենք մշտապես կարեւորում ենք կամավորների դերը նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումներում. հյուրերին ու այցելուներին առաջինը նրանք են դիմավորում, եւ շատ կարեւոր է, որ մենք նույնպես աջակցենք կամավորների դերի բարձրացմանն ու նրանց աշխատանքի արժեւորմանը: Սա նաեւ հրաշալի առիթ է կամավորների՝ համայնքային աշխատանքներում ներգրավվելու համար», – ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի եւ թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների եւ B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաեւ WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ եւ այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

– ներկայացնելու հայաստանյան, եւ ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,

– ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին եւ ապագա զարգացումների շուրջ,

– Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում եւ դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,

– խթանելու ներդրումները եւ ընդգծելու ՏՀՏ լուծումների կարեւորությունը տարբեր տարածաշրջաններում եւ տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ՄՌԱՅԼ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ

Սեպտեմբեր 21-ին՝ ժամը 20:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կհնչի սկանդինավյան ժողովրդական երաժշտություն։

Scandinavian Dark Folk երաժշտական նախագիծը կներկայացնի Fjellheim-ը։

Դառնալով այս երաժշտական նախագծի ունկնդիրը՝ հանդիսատեսը կսուզվի սկանդինավյան մռայլ մեղեդիների եւ խորը տեքստերի աշխարհ, որը ոգեշնչված է հինավուրց առասպելներից եւ լեգենդներից:

Fjellheim-ի երաժշտությունը համադրում է ֆոլկի եւ գոթիկայի տարրեր՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ՝ հատուկ ժանրի սիրահարների համար։

Խմբի արտիստները խոստանում են մոգական եւ յուրահատուկ երեկո։

 

 

ԱՅՑ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։

Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների փոփոխության եւ այլ հարցեր։ Քննարկվել է նաեւ Հերհերի Սբ Գեւորգ եկեղեցու տանիքածածկերի ժամանակավոր նորոգման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գիտանախագծային աշխատանքները կիրականացնի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, վերականգնումը՝ Վայոց ձորի թեմը։

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատվերով վերականգնվում են Սբ Աստվածածին եկեղեցին եւ ներսի հազվագյուտ որմնանկարները։ Հանդիպմանը ներկա է եղել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը։ Պատերի եւ թաղերի վերականգնման վերաբերյալ տրվել են ցուցումներ, կայացվել ընթացիկ որոշումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։

Որմնանկարների վերականգնումից հետո դրանք կփակվեն՝ վերականգնման ընթացքում վնասումներից խուսափելու համար։

 




Լրահոս