Նոյեմբերի 17-ին` ժամը 22:40-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել: «Անահիտ» հանգստյան տանը 53-ամյա պահակը սպանել է իր 29-ամյա ընկերուհուն:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` վերը նշված օրը Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխել գլխուղեղային փակ վնասվածք, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում գտնվող 29-ամյա Ինգա Շիշլոյին: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել գլխի վնասվածքներով մի աղջիկ:
Հիվանդանոց մեկնած իրավապահների կողմից պարզվել է, որ երիտասարդ աղջիկն ազգությամբ ռուս 29-ամյա Ինգա Շիշլոն է: Տեղեկացանք, որ արդեն շուրջ 4 տարի Ինգա Շիշլոն եւ Արշավիր Դեմիրխանյանը եղել են փաստացի ամուսիններ, նրանց ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ-ում (ԶԱԳՍ):
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամը 21:30-ի սահմաններում Ինգայի եւ «Անահիտ» հանգստյան տան պահակի` Արշավիրի միջեւ վիճաբանություն է ծագել: Մեզ հասած տեղեկություններով` Ինգան եւ Արշավիրը հաճախակի են վիճաբանել տարբեր առիթներով: Իսկ այդ օրը միմյանց հետ «Անահիտ» հանգստյան պահակակետում են եղել, միասին մի փոքր խմել են:
Երկար զրույցից հետո զույգը սկսել է վիճաբանել, ինչի արդյունքում արդեն անսթափ վիճակում գտնվող պահակը ծեծել է Ինգային: Նախ ձեռքերով է հարվածել, հետո ոտքերով, ապա սեղանին դրված ապակե շշով խփել է երիտասարդ աղջկա գլխին: Ամուսնու հարվածների հետեւանքով անգիտակից վիճակում հայտնված Ինգային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Տեղեկացանք նաեւ, որ ձերբակալված Արշավիր Դեմիրխանյանը խոստովանել է, որ ինքն է սպանել 29-ամյա աղջկան: Նշենք, որ վերջինս նախկինում դատապարտված է եղել:
ՊԱՀԱԿԸ ՍՊԱՆԵԼ Է 29-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ