ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին։ Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկվում են բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի գնման արժեքը 400 դրամ է։ Հիմնադրումից 17 տարի անց վճարահաշվարկային ընկերություններից այն առաջինն է, որ թողարկում է բաժնետոմսեր:

 

«Բաժնետոմսերի նվազագույն քանակը, որը կարող է ձեռք բերել քաղաքացին, 10 հատն է։ Այսինքն՝ 4 հազար դրամ առաջին գնման համար, այնուհետեւ ցանկացած գնման համար կարող են վճարել 400 դրամ։ Սա բացառիկ առաջարկ է, եւ մեր ուղղվածությունն է՝  ֆինանսական այս գործիքակազմը ներդնելով», – ասաց «Թել-Սել» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Ընկերությունն ազդագրով պարտավորվում է իրականացնել տարեկան շահույթից առնվազն 50 տոկոս դիվիդենդների տեղաբաշխում:

Բաժնետոմսերի տեղաբաշխումը իրականացնելու է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը։ Ընկերության ղեկավար, «Արմբրոկ» ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը խոսել է բաժնետոմսերի թողարկման կարեւորության եւ առանձնահատկությունների մասին։

«Ինչպես գիտեք՝ նախկինում մի քանի անգամ թողարկվում էր IPO-ներ՝ հիմնականում բանկերի կողմից, բայց սա առաջին դեպքն է, երբ ֆինանսական տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող ընկերությունն է իրականացնում այս թողարկումը։ Առաջին դեպքն է, որ այսպիսի նորարարական հետագիծ ունեցող ընկերությունն է հայտնվում արժեթղթերի շուկայում», – նշում է «Արմբրոկ» ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Այն գործողությունները, որ այժմ կատարվում են Telcell-ի կողմից, միտված են զարգացնելու ոլորտը եւ հասարակությանը տրամադրելու ավելի նորարար ֆինանսական գործիքակազմ:

«Ֆինտեխ ոլորտում Telcell-ն առաջինն է, որ թողարկում է բրենդային Visa թվային քարտեր. երեւի թե սա բանկերի համար սովորական գործառույթ է, բայց ֆինտեխ բնույթի ընկերությունների համար սա ձեռքբերում է»,- մանրամասնում է «Թել-Սել» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը։

Telcell բաժնեմասերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Telcell Wallet հավելվածի օգտատերերը բաժնեմասեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում՝ պարզ եւ արագ։

Խոսելով Telcell-ի բիզնես զարգացման մասին՝ «Թել-Սել» ԲԲ ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանն առանձնացրեց Telcell-ի վերջին 7 տարիների արդյունքները՝ ընդգծելով հստակ պրոգրեսը։

«2019 թվականից մինչ 2023 թվականը Telcell Wallet-ի գրանցված օգտատերերի քանակն աճել է ավելի քան 20 անգամ։ Մենք ակնկալում ենք, որ այս աճը լինելու է դինամիկ եւ շարունակական։ Telcell Wallet-ի հաջորդ կարեւոր ցուցանիշը շրջանառության աճն է, որը գրանցել է դինամիկ աճ՝ 2019-2023 թվականներին աճելով ավելի քան 14 անգամ։ Հարկ է նշել, որ գործարքների քանակով եւս ունենք նման աճ», – նշել է Թամարա Սարգսյանը։ «Թել-Սել» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը, ամփոփելով ասուլիսը, քաղաքացիներին առաջարկեց բաց չթողնել հեռանկարը եւ գալ Telcell-ի բաժնեմասի հետեւից։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս