«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի եւ իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջեւ վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց տարածքում ծեծի է ենթարկել Վյաչեսլավին: Թե ինչն է եղել ծեծի պատճառը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից: «Ո՞նց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ, սուտ է»,- վստահեցրեց Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ «X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է: Իսկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում: Այլ մանրամասներ չհայտնեցին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: