ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք գնա, հավատարիմ հաճախորդներին չենք թողնի. Կոմիտասի շուկայում իրավիճակը կլարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասի շուկայում Արցախի նուռ է վաճառվում։ Նույն փայլուն ու շողշողուն նուռն է, պարզապես Ադրբեջանից Վրաստան, ապա Հայաստան բերված։

Արցախի նուռ վաճառող Կոմիտասի շուկայի վաճառողների առաջ պայման են դրել ազատել տարածքը մինչև դեկտեմբերի 31-ը։ Շուկան սիրում են, գնալ էլ չեն պատրաստվում, սակայն ինչ են անելու՝ չեն կարողանում ասել։

Կոմիտասի շուկայում շուրջ 70 վաճառող կա: Նրանց մի մասը գյուղից են բերում իրենց ապրանքը և վաճառում, մի մասն էլ վերավաճառողներ են։ 70 անձ՝ այս շուկայում առևտուր անելով է պահում իր ընտանիքը, սակայն իշխանությունը նրանց առանց եկամտի է թողնում:

Կոմիտասի շուկայի շուրջ պայթած տեղեկատվական բումից հետո մամուլը գրեց, որ Կոմիտասի շուկան գնել է GTB Holding ընկերությունը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։

Համաձայն վաճառողների խոսքի՝ տարածքում հողի փորձաքննություն է եղել, ցանկացել են բնակելի շենքի հիմք փորել, սակայն արդյունքները գոհացնող չեն եղել։

«Պատմական շենքը պիտի պահել»,- ասում են վաճառողները, սակայն GTB Holding ընկերությունը ու շուկայի տարածքի սեփականատերը դեռ հստակ ոչինչ չեն ասում։

Վաճառողները պնդում են, որ իրենց ասել են՝ հանելու դեպքում նոր տարածք կտան, Կոմիտասի շուկային հարակից տարածքում, որը բացօդյա տարածք է։ Սակայն մինչև ձմռան առաջին ամիսն աշխատող վաճառողների համար դրսում ցրտին կանգնելը դժվար թե հարմար լինի, սակայն հավատարիմ հաճախորդներին չկորցնելու համար՝ կմնան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս