Զելենսկին ԱՄՆ-ում է, որտեղ իր «հաղթանակի ծրագիրը» կներկայացնի Բայդենին, Հարիսին և Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ում է, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»։

BBC-Ն հայտնում է, որ Զելենսկին նաև մտադիր է իր պլանը ներկայացնել Կոնգրեսին և ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուներին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։

Այցից առաջ Զելենսկին X սոցիալական հարթակում հայտնել է, որ այս աշունը «կորոշի այս պատերազմի ապագան»։

ԱՄՆ մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իր պլանի տարրերից են զենքի հետագա մատակարարումները, դիվանագիտական ջանքերը՝ ստիպելու Ռուսաստանին համաձայնել խաղաղության և 2022 թվականին Ուկրաինա ներխուժման համար Մոսկվային պատասխանատվության ենթարկելը։

Բրիտանական The Times պարբերականն իր հերթին գրում է, որ «հաղթանակի ծրագիրը», որը Վոլոդիմիր Զելենսկին բերել է ԱՄՆ, բաղկացած է չորս հիմնական կետերից՝ Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքների տրամադրում, ինչը նման է ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխադարձ պաշտպանության համաձայնագրին, ՌԴ Կուրսկի շրջան Ուկրաինայի ներխուժման շարունակություն՝ որպես տարածքային հաղթաթուղթ, որոշակի ժամանակակից զենքի խնդրանք և միջազգային ֆինանսական օգնություն Ուկրաինայի ավերված տնտեսությանը։

Զելենսկին հայտարարել է, որ չի բացահայտի ծրագրի բոլոր մանրամասները նախքան Բայդենի հետ հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 26-ին։ Բացի այդ, նշվում է, որ Զելենսկին մտադիր է Բայդենից պահանջել Ուկրաինայի համար այնպիսի անվտանգության երաշխիքներ, որոնք թույլ չեն տա Կիևին ստիպել ոչ շահավետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ այցի շրջանակներում Զելենսկին արդեն այցելել է Փենսիլվանիայում գտնվող զենքի գործարան, որտեղ արտադրվում են 155 մմ տրամաչափի հրետանային արկեր ուկրաինական բանակի համար։




Լրահոս