ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ՏՎԵԼ Է ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից, որոնք, Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի փոխանցմամբ՝ տրվել են հարկադրանքների ներքո։

 

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրեւ որպես «պարետ», թեեւ Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք եւս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երեւան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը եւ նրա կինը՝ սեփական ցանկությամբ։

ՀՀ սահմանը հատելուց հետո՝ վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։

Ալեքսանդր Կոչուբաեւը, սակայն, նշում է՝ գործի ընդդատությունն է սխալ, բայց դա դատարանի սխալը չէ։ Խնդիրն այն է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում, ուղղված է եղել Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տնտեսական եւ ազգային անվտանգության դեմ, սակայն, ըստ փաստաբանի, ենթադրյալ հանցանքների կատարման պահին ՀՀ ԶՈՒ-երը վերահսկողություն չեն ունեցել Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ չճանաչված պետությունների վերաբերյալ ԵԴ չափանիշը հստակ է՝ եթե չճանաչված պետության տարածքում հանցանք է լինում, ապա տարածվում է այն պետության իրավազորությունը, որն ունի արդյունավետ վերահսկողություն, այսինքն՝ քաղաքական, զինվորական եւ տնտեսական հսկողություն՝ չճանաչված պետության նկատմամբ։ Այլ խոսքով՝ պաշտպանը գտնում է, որ ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը; Բացի այդ, փաստաբանը, անդրադառնալով բուն մեղադրանքին, նշում է, որ ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գալստյանը կապ է հաստատել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Թուրան Գանջարիի ու նրա օգնական Սամիռի հետ, ինչը չի բավարարում հատուկ ծառայության աշխատակցի չափանիշներին, այսինքն՝ նրանք հատուկ ծառայության աշխատակից չեն հանդիսանում։ Ըստ փաստաբանի՝ որեւէ ապացույց չկա նաեւ, թե ինչ տվյալ է ենթադրաբար փոխանցել Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանին, առհասարակ որեւէ փաստաթուղթ, առավել եւս՝ պետական գաղնտիք պարունակող որեւէ տվյալ չի փոխանցվել։

«Քննիչը Հանրային ՀԸ եթերում ասում է, թե Սարգիս Գալստյանը կատարել է լրտեսություն կամ պետական դավաճանություն, նույնն է, որ ասես՝ անձը կատարել է սպանություն կամ կողոպուտ, սրանք փոխբացառող մեղադրանքներ են եւ վկայում է այն մասին, որ անգամ քննիչը չգիտի, թե ինչում պետք է մեղադրել Գալստյանին։ Այս պահին մեղադրվում է լրտեսության մեջ։ Պետական դավաճանության եւ լրտեսության մեջ օրգանական կապ կա, գործողությունը նույնն է, բայց կա նուրբ սահմանագիծ՝ քաղաքացիությունը՝ լրտեսությունը կարող է կատարել օտարերկրյա քաղաքացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, իսկ պետական դավաճանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։ Սարգիս Գալստյանը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունի կապույտ ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց քանի որ Արցախը հանձնել են, քաղաքական որոշում է կայացվել, թե իբր այդ անձնագրերն անիմաստ են, կոդը այլ է, ինչն անտրամաբանական է։ Սխալ կոդով է՝ թող չտային; Քանի դեռ ՀՀ քաղաքացու անձնագիրը գտնվում է Գալստյանի մոտ, պետք է ընդունենք ի գիտություն, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»,- «Փաստինֆո»-ին ասաց Կոչուբաեւը։

Ք.Մ.

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը ստանում է տվյալներ՝ ըստ ծանրության գրանցված հանցագործությունների քանակի մասին, որոնք գրանցվել են ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին։

ՀՀ-ում հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է 21 հազար 241 դեպք։ Հանցագործությունների դեպքերը Երեւանում կազմել են 9 հազար 436։

Մարզերից հանցագործությունների թվով առաջինը Արմավիրի մարզն է՝ 2 հազար 043 դեպքով։

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 1 հազար 725 դեպքով։

Երրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 1 հազար 533 դեպքով։

Չորրորդ տեղում Լոռու մարզն է՝ 1 հազար 482 դեպքով։

Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանցագործությունների քանակական տվյալները, ապա կտեսնենք, որ հանցագործությունների թվերը գրեթե 1061 դեպքով կրճատվել են։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ «ՉԱՂ ՌՈՒՍՏԱՄԻ» ՄԱՍՈՎ

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը խափանման միջոցը փոխելու մասով, եւ նա կշարունակի մնալ ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

«Ժողովուրդ» օրաթերթը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս շատ լարված հարաբերություններ են ունեցել. ու երկու ամիս անց կասկածները փարատվեցին:

Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ ահա սպանություն կատարողներին դեռ փնտրում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս