Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 89 տարեկան։

Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը: 1954թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: 1953-54թթ, որպես օպերատորի օգնական, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1955-67թթ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1967թ. տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: 1969-96թթ խաղացել է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում:

1975թ. «Եռանկյունի» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում և կադրից այն կողմ մարմնավորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի բազմաթիվ մուլտհերոսների: 1979թ. Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում: 1981թ. նկարահանվել է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ֆիլմում: 1991-96թթ դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի համալսարանում:

Խաղացած ֆիլմերից են` «Բարև, ես եմ», «Տղամարդիկ», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հարսնացուն հյուսիսից», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Արևիկ», «Մխիթար սպարապետ», «Գիքոր», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Օտար խաղեր», «Ալֆոնս», «Մոսկովյան արձակուրդներ», «Ռևիզորը», «Մարգո թագուհի», «Մեր բակը 2», «Խելագարություն», «Եռյակը» և այլն: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի շքանշանների: Գրանցված է համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2013թ.` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:

Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին Մոսկվայում։




Լրահոս