ՔՊ-ում այս օրերին թեժ քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում հակված են իշխանական պատգամավորի նշանակել այդ կարևոր պաշտոնին, իսկ կուսակցության ներսում քննարկումներն ընթացել են 3 թեկնածուների շուրջ՝ Արփի Դավոյան, Վլադիմիր Վարդանյան և Արուսյակ Ջուլհակյան։
Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում է Անդրանիկ Քոչարյանը, որը շատ մտերիմ հարաբերություններ ունի Դավոյանի հետ և հույսեր է փայփայում, որ նրա նշանակման դեպքում կարող է շատ անձնական հարցեր լուծել։
Ի դեպ, Արփի Դավոյան-Անդրանիկ Քոչարյան զույգը նաև Գրիգոր Մինասյանի դեմ արշավի գլխավոր դերակատարներն են։
Նախորդ շաբաթ կայացած ՔՊ վարչության նիստին Արփի Դավոյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն առաջադրել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը՝ հիմնավորելով, որ վերջինս իրավաբանական կրթություն ունի, իսկ ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։
ՔՊ վարչության նիստին, սակայն, ներկաների մեծ մասը կողմ է արտահայտվել Արփի Դավոյանի թեկնածությանը, ուստի մյուսներն այլևս հանել են իրենց առաջադրած թեկնածուներին։
Իսկ թե որքանով Արփի Դավոյանը կապ ունի իրավաբանության և արդարադատության հետ, կարող ենք նրա կենսագրությունից դատել։
Վերջինս առհասարակ իրավաբանի կրթություն չունի, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, ժամանակին աշխատել է որպես ԱԺ «Ելք» խմբակցության գործավար, այնուհետև վարչապետի օգնական:
Ի դեպ, վերջինս նաև հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի համակուսեցին է։
Կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ գործող իշխանությունների համար առհասարակ կապ չունի անձի մասնագիտական հմտությունները, կամ թե որքանով է նա համապատասխանում տվյալ պաշտոնին, բացառապես կարևոր է այն, որ լինի ՔՊ կուսակցության անդամ։
Իսկ թե ով կլինի արդարադատության նախարարը՝ պարզ կդառնա հաջորդ շաբաթ՝ ՔՊ վարչության նիստից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան